Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանը, մինչեւ կառավարության հրաժարականը պահանջելը` կարող է հրաժարվել իր գեներալի կոչումից՝ կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված». Ալեն Սիմոնյան

Հունիս 18,2020 15:34

ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասել էր, որ այս օրերին ԲՀԿ-ն զանգվածաբար անդամագրվելու հայտ է ստանում, քաղաքացիներից աջակցություն են ստանում, իսկ իշխանությունները երկիրը «վարի են տանում»:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան նախ ծիծաղեց. «Եթե երկիրը վարի է գնում, իսկ ԲՀԿ-ն դիմումների հոսք ունի, դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է ու հույս կա: Իրականում ժպիտով եմ վերաբերվում, որովհետեւ միգուցե Արման Աբովյանի աշխարհը փլվում է: Եվ իր գործընկերների աշխարհը, որոնք ապրել են, բարգավաճել են, թղթեր են ստորագրել, երդումներ են տվել, իրենց աշխարհը փլվում է, որովհետեւ ՀՀ-ում այլեւս օրենքը միանշանակ բոլորի համար է: Պատգամավոր լինելը չի կարող ինդուլգենցիա հանդիսանալ՝ քրեական հանցագործություններ անելու: Եթե իրենց կողմից միաձայն քվեարկված դատախազը դիմում է ԱԺ-ին, ապա պետք է դատախազին հնարավորություն տանք, որ այդ գործը քննվի»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ անձի պաշտամունքի վրա հիմնված պանիկան, բոլոր հնարավորություններն օգտագործելու տրամաբանությունը սխալ է, որովհետեւ ինչքան էլ պարոն Աբովյանը խոսի, ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն, թե ով ինչ է արել ՀՀ-ում ընտրությունների ժամանակ ու ինչով է զբաղվել:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ու այս կառավարության հրաժարականը պահանջում է նաեւ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, կոչ են անում իշխանություններին անցնցում հեռանալ, ինչպե՞ս կարձագանքեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, պարոն Վանեցյանը, մինչեւ կառավարության հրաժարականը պահանջելը կարող է օրինակ հրաժարվել իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության ու կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա համաչափ եւ ավելի արդար կլինի: Ինչ վերաբերում է մնացած բոլորին, ես ցավում եմ, որ գնում-գնում են, նորից գալիս են էդ նույն ջարդած տաշտակի շուրջը հավաքվում են բոլորով: Այն մարդիկ, ովքեր հիմա աշխատում են «ընդդիմության» կայացման, ձեւավորման մեջ, ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու: Նույն ճանապարհով գնալը որեւէ արդյունք չի տալու, թող բոլորով պահանջեն: Ինչքան իրենք ու իրենց պես քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ այնքան մեր վարկանիշը կբարձրանա»:

Ալեն Սիմոնյանը նաեւ հիշեցրեց, որ Վանեցյանն առանձնատանը լրագրողներին պատմում էր, որ երբ անցել է աշխատանքի, վարչապետը հրամայել է, որ իրեն որեւէ բան չզեկուցվի, շարժվի միայն օրենքով, դա իր համար ուղեցույց է եղել, հիմա Վանեցյանը պետք է ընտրություն կատարի կարճ ժամանակահատվածում իր երկու իրարամերժ հայտարարությունների միջեւ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930