Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պավել Ավետիսյան. «Համավարակը ցույց տվեց, որ կարող ենք հարմարվել այս պայմաններին»

Հունիս 18,2020 15:14

«Համավարակի պայմաններում աշխատանքների կազմակերպման հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունենք, այժմ փորձում ենք գտնել այն ձեւերը, որոնց միջոցով կկարողանանք ավելի արդյունավետ աշխատել այս պայմաններում, առաջինը եւ մեզ համար անսովորն այն էր, որ աշխատանքները պետք է հեռավար կազմակերպվեն, փորձում ենք համապատասխան եղանակներ փնտրել»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` խոսելով հնագիտության ոլորտի աշխատանքների վրա համավարակի ազդեցության մասին:

Ասաց, որ հասցրել են ատենախոսության պաշտպանություններ եւ սեմինար-քննարկումներ կազմակերպել, երբեք չեն դադարեցրել փորձագիտական աշխատանքները:

Պարոն Ավետիսյանը նշեց, որ իրենց ինստիտուտը տարեկան մինչեւ 30 հնագիտական դաշտային հետազոտական աշխատանքներ է իրականացնում, դրանից կեսը` արտասահմանյան գիտական կենտրոնների հետ, սակայն այս պահի դրությամբ դա հնարավոր չէ: «Որպեսզի աշխատանքները չկանգնեն, դաշտային հետազոտական աշխատանքների համատեղ ծրագրերի շրջանակում` հոդվածների եւ գիտական ժողովածուների վրա ենք աշխատում: Անցյալ տարի մեր ինստիտուտի 60-ամյակն էր, որի առիթով գիտաժողով ենք անցկացրել, եւ այժմ պատրաստվում ենք հրատարակել գիտական նյութերը»,- նշեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը:

Հավելեց, որ իրենց ինստիտուտում չեն դադարել մշակել ծրագրեր եւ դիմել միջազգային դրամաշնորհների համար: Ասաց նաեւ, որ դրամաշնորհներից մեկով, եթե հաջողվի շահել, վիրտուալ թանգարանի հեռախոսային հավելված են ստեղծելու: Պավել Ավետիսյանը շեշտեց, որ հնագիտության ձեռքբերումներն ու արդյունքները կարելի է ծառայեցնել նաեւ զբոսաշրջության զարգացմանը, նաեւ մանրամասներ ներկայացրեց:

«Մինչեւ ապրիլի 20-ը պեղումներ կատարող յուրաքանչյուր արշավախումբ պետք է ներկայացնի կատարած աշխատանքների հաշվետվությունը, որպեսզի համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովը քննարկի, ապա լիազոր մարմինը թույլատրություն տա պեղելու: Մենք այդ բոլոր փուլերն անցել ենք, ինստիտուտը ներկայացրել է ավելի քան 1000 էջանոց հաշվետվություն, դիմել եք պեղումների համար: Հայտերից երեքը բավարարվել է»,-տեղեկացրեց պարոն Ավետիսյանը: Հավելեց, որ պեղումներ են կատարելու Արտաշատում, նախատեսել են պեղումներ նաեւ Արտանիշում: Իսկ իրենց այս տարվա դաշտային աշխատանքների մեկնարկը կսկսվի Դվինի հնավայրով:

«Մտածում ենք, որ եթե այս վիճակը երկար է տեւելու, ուրեմն պետք է հեռավար աշխատանքի սկզբունքներ կազմակերպենք, մնում է հասկանալ, թե ինչպես պետք է մշակենք: Խնդիրներ կան, սակայն դրանք լուծելի են, համավարակը ցույց տվեց, որ կարող ենք հարմարվել նաեւ այս պայմաններին»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930