Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի մասնագիտացված անձինք». Ալեն Սիմոնյան

Հունիս 18,2020 15:17

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանին՝ հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում՝ նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ կապված. «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որր ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին ու Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի մասնագիտացված անձինք»:

Հարցին՝ դուք ակնարկում եք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի հետ կապված Սերժ Սարգսյանի գնահատականներով պայմանավորվա՞ծ է Տուսկը նման հայտարարություն անում՝ Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, ոըոնք իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են ու որոնք ՀՀ իրականության հետ արդեն շատ շուտվանից, դեռ մինչ հեղափոխությունը ոչ մի կապ չունեն ու չեն կարող ունենալ»:

Խոսելով Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող գնահատական է, բայց որի մասին անցյալի ներկայացուցիչներին սպասարկող ներկայացուցիչները շատ քիչ են խոսում»:

Հարցին՝ այս օրերին միջազգային գործընկերներից մտահոգություններ ձեզ հայտնո՞ւմ են, որովհետեւ ԲՀԿ ձեր գործընկերները խոսում են քաղաքական հետապնդումների մասին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես հանդիսանում եմ հայ-ռուսական միջպառլամենտական բարեկամական խմբի ղեկավար: Երեկ ես զրույց եմ ունեցել ՌԴ դաշնային ժողովի փոխնախագահի հետ, որեւիցե նման հարց մենք չենք քննարկել: Ինձ հետ ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանը, հանդիպումը դեռ չի կայացել: Իսկ մնացած գործընկերների առումով որեւէ արձագանք այս պահի դրությամբ ես չունեմ: Այն պարագայում, երբ խոսքը գնում է քրգործի մասին, մեր գործընկերները լուրջ են, գիտեն՝ ինչ է քրեական գործը ու մեր գործելաոճը ու չեն շտապի հախուռն հայտարարություններ անել, որքան էլ չսադրվի ու որքան էլ դրսից տղա բերելու տրամաբանությամբ չշարժվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930