Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք, որ սովոր եք եղել նախկինում բրաբուսների շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու». Փաշինյան

Հունիս 18,2020 15:08

Այսօր, երբ կառավարության նիստում քննարկվում էր կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառման ծրագիրը, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ նախագիծը արդարադատության նախարարություն չի ներկայացվել կարծիքի, այդ պատճառով չեն կարողացել իրենց դիտարկումներն անել, մինչդեռ, ըստ փոխնախարարի, շահառուների անունները, տվյալները կայքում հրապարակվելու դեպքում կխախտվի անձնական տվյալների պաշտպանության օրենքը եւ այն պետք է հրապարակվի միայն անձի համաձայնությամբ: Վահե Դանիելյանն առաջարկեց տվյալները չհրապարակել, հրապարակել միայն աջակցության գումարի չափը, շահառուների քանակը:

Սա առաջացրեց կառավարության նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը: Վարչապետն ի պատասխան ասաց՝ դիմումի մեջ պետք է կետ լինի՝ մարդը համաձա՞յն է, որ իր տվյալը հրապարակվի, եթե համաձայն չի, ինչո՞ւ. «Մենք պայմանը դրել ենք՝ մարդը չի ուզում իր անձնական տվյալը հրապարակվի՝ թող չդիմի: Սա այն դեպքերի համար է, որ չարաշահումներ թույլ չտանք: Եթե ինքն այդ ոլորտի աշխատակից է եւ տուժած է, պետք է համաձայն լինի, որովհետեւ, հակառակ դեպքում ուրիշ խնդրի առաջ կկանգնենք: Սա որոշակի փոխզսպման մեխանիզմ է, որպեսզի դրա կարիքը չունեցող մարդիկ ուղղակի չդիմեն»:

Վահե Դանիելյանն ասաց, որ հասկանալի է, որ դրանով թափանցիկության հարց են լուծում, բայց այդ համաձայնությունն օրենքի իմաստով չկա:

«Եթե համաձայն չէ, որ իր անձնական տվյալը հրապարակենք, ուրեմն մարդը թափանցիկության խնդիր ունի: Ասենք՝ ինքը մեծահարուստ է եւ չի ուզում, որ իր հարեւանն իմանա, որ ինքը պետությունից 68 հազար դրամ աջակցություն է ստացել: Հակառակ դեպքում բազմաթիվ շահարկումների առաջ պետք է կանգնենք»,-պատասխանեց Փաշինյանը:

Նրա խոսքով, օրենքների հետ առնչվելիս տպավորություն է ստացել, թե օրենքներն ընդունված են այնպես, որ հնարավոր չլինի արդյունավետ աշխատել. «Հնարավոր լինի ծանոթ բարեկամ, հորեղբոր տղա մտցնել այդ ցուցակներ, փողերն իրար մեջ անել: Դրանք պետք է հրապարակվեն, եթե չեն հրապարակվելու, չենք անում այս միջոցառումը եւ վերջ»:

Փաշինյանի խոսքով, եթե տվյալները չհրապարակեն սոցցանցերում, թերթերում գրելու են. «Ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորեղբոր տղերքն են ստացել, մնացած հինգ հազարը՝ փոխվարչապետերի ու նախարարների, ու մի հատ էլ դուրս գան ասեն՝ ոչ ոք օգնություն չի ստացել: Դուք, որ սովոր եք եղել նախկինում բրաբուսների շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, երեւի արդեն նշանակում է, որ ոչ ոք չի ստացել: Պայմանը հետեւյալն է՝ կամ հրապարակվում է կամ չի արվում միջոցառումը: Եվ ընդհանրապես, ով պետությունից աջակցություն է ստանում, պետք է հնարավոր լինի հետագայում դա վերահսկել: Չենք հրապարակում՝ չենք անում միջոցառում: Գաղտնի՞ է տվյալը, մենք գաղտնի միջոցառում չենք անում: Ով համաձայն չի, որ իր տվյալը հրապարակվի այդ աջակցությունը պետք է չստանա»:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ այսպես թե այնպես, դիմումը լրացնելիս, կետ կա՝ համաձա՞յն է քաղաքացին, որպեսզի նրա տվյալները հրապարակվեն կայքում եւ, եթե համաձայն չէ, նրա դիմումը չի ընդունվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930