«Եթե իմ դեմ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար համարեի, սուսուփուս մեղքս կընդունեի, էլ ինչո՞ւ էի գալիս պաշտպանվեի»,- լրագրողների հարցին՝ իր դեմ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար համարո՞ւմ է, այսպես պատասխանեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:
Հարցին՝ ՀՔԾ պետի կողմից անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սասուն Խաչատրյանն իր կայացրած որոշումները մեկնաբանում է, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ կամ ես ինչո՞ւ պետք է կաշկանդված լինեմ նրա հատուկ վերաբերմունքով»:
Ալեքսանդր Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ նիստի ընթացքում պլանավորում է միջնորդել ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ ինչո՞ւ է որոշել նման միջնորդությամբ հանդես գալ, մանավանդ, որ դեպքին կարծես Սասուն Խաչատրյանը ներկա չի եղել, Տիգրան Աթանեսյանն այսպես արձագանքեց. «Միջնորդել եմ, որովհետև ՀՔԾ բոլոր քննիչները պարոն Ազարյանի մոտ գործ ունենալու դեպքում ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն, նաև շատ այլ հարցեր պարզելու համար կխնդրենք, որ հրավիրվի»:
Հստակեցմանը՝ ՀՀ արդարադատության նախարարին ի վերջո ո՞վ է ներկայացրել այդ դիմումը, Տիգրան Աթանեսյանն այսպես պատասխանեց. «Հաղորդումը բավականին տարօրինակ է: Բլանկի վրա ստորագրել է Սասուն Խաչատրյանը, բայց նշված է կատարող Հրաչ Մուշեղյան: Եթե Խաչատրյանը վիրավորվել է ինչ-որ արտահայտությունից, ապա կատարող Մուշեղյանն ի՞նչ գիտի՝ ինչից է վիրավորվել պարոն Խաչատրյանը: Ամեն դեպքում նախարարը սա համարում է Խաչատրյանի հաղորդում»:
Հարցին՝ ի՞նչ է կարծում իր և իշխանության հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշո՞ւմ կայացրեց, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Երևի նկատի ունեք քաղաքական իշխանությա՞նը: Եկեք այդ հարցին չպատասխանեմ. առավել ևս մի քանի անգամ պատասխանել եմ: Բոլորս վկա ենք իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացնելուց հետո պարոն վարչապետի հրապարակային ելույթին, դատարանների դռները շրջափակելու կոչերին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ