Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում երեխայի խնամքի նպաստի վճարումը չի դադարեցվի

Հունիս 18,2020 14:47

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ միայն կրկնակի կավելանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, այլև նպաստի իրավունք կստանան գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք:

Այսպիսով՝ քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կկազմի 26.500 դրամ: Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:

Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։

Նշենք, որ խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում այն քաղաքացին, որը ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված է եղել և փաստացի բնակվել է առնվազն մեկ տարի անընդմեջ՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծննդյան օրը, ապա նպաստը կնշանակվի երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (այն ենթադրությամբ, որ աշխատող և չաշխատող մայրերին նախածննդյան 70 օրվա և հետծննդյան 70 օրվա համար տրվում է մայրության նպաստ):

Եթե մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Բացի այդ, երկարացվել է նաև խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը՝ վեց ամսվա փոխարեն դառնալով 12 ամիս, իսկ նպաստի գումարը լիազորագրով կվճարվի ոչ թե  վեց ամիս, այլ  12:

Փոփոխությունների համաձայն՝ խնամքի նպաստի չվճարված գումարը կվճարվի անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ ներկայումս գործող 6 ամսվա փոխարեն:

Վերացվել է նաև նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարումը չի դադարեցվի:

Պարզեցվել է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը: Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում՝ այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:

Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930