«Մինչ մենք այստեղ կառուցողական քննարկում էինք անում, ինչ-որ ԶԼՄ-ներ գրեցին, թե մենք այս կամ այն երկրի կամ հեռարձակողի դեմ ինչ-որ օրենք ենք ընդունում: Ժողովուրդ ջան, նման տեղեկատվական ցածրորակ ստերը միջպետական հարաբերությունները խաթարելու ուղիղ գործողությունների են հասնում»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվող՝ «Իմ քայլի» պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Վահագն Թեւոսյանի, անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» մայր օրենքին, որով ՀՀ-ում հեռարձակվել ցանկացող օտարերկրյա հեռուստաընկերությունների համար սահմանվում է միջպետական համաձայնագիր:
«Կոչ եմ անում դադարեցնել նման նյութեր տարածելը: Մեր անվտանգության մարմիններին էլ առաջարկում են հետեւել եւ միջոցներ կիրառել, եթե նման դեպքերը միտումնավոր են»,-նշեց Հակոբ Արշակյանը:
Օրենքի համահեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց՝ այս ընթացքում լրատվամիջոցներից մեկում օրենքի մասին գրվել է «Ազգային ժողովում քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը» վերնագրով նյութ. «Կես ժամ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին: Կամ վերնագիրը փոխում եք, կամ՝ նյութը վերացնում, որովհետեւ մեր ռուս գործընկերների հետ, ինչպես այդ թվում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը փաստեց, փայլուն կերպով երկխոսել ենք: Ես էլ անձամբ ՌԴ դեսպանի հետ եմ խոսել: Վերջ տվեք նման գործելաոճին: Մենք պարզապես խոսում ենք մի օրինագծի մասին, որը միտված է մեր լեզվական անվտանգությանը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ