Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում և կոչ եմ անում կտորե դիմակներ չդնել, եթե հնարավոր է՝ դնել սովորական բժշկական դիմակ, այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում. Արսեն Թորոսյան

Հունիս 18,2020 14:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Մեր ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը: Երեկ մենք կրկին՝ 665 նոր դեպք ենք հայտնաբերել, և մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, և մենք գիտենք դրա պատճառը: Պատճառը հետևյալն է՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, և մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով:

Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և ես ցանկանում եմ պարզաբանել, թե որն է այս որոշման նպատակը: Եթե, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանվելու ընթացքում անձը, քաղաքացին չունի փաստաթուղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տևում, որովհետև անհրաժեշտ է տանել ոստիկանության բաժին, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այդ միջոցը պարտադիր դարձվել է հենց այդ նպատակով, որպեսզի վարչական այս լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ՝ եթե քաղաքացին դիմակ չի կրում, և ոստիկանը մոտենում է նրան և արձանագրում, որ չունի նաև փաստաթուղթ, տվյալ դեպքում դա համարվելու է 2 առանձին վարչական իրավախախտում, և համապատասխանաբար 2 առանձին վարչական վարույթով է արձանագրվելու:

Հաջորդ խնդիրը հետևյալն է՝ մենք նաև արձանագրում ենք, համենայնդեպս այս պահին, մենք ունենք համոզվածություն, որ պետական բոլոր մարմինները կամ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները կամ հակահամաճարակային կանոնները ներդրել են պատշաճ ձևով: Մենք պետք է արձանագրենք, որ պետական բոլոր այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, այսինքն՝ ինչ-որ ձևով քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում՝ ոչ միայն բուն տարածքում, այլև տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում տարածքից դուրս՝ գծանշումներով և սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով: Դրա հետ կապված համապատասխան հանձնարարական է ուղարկվել, բայց պետք է նաև վերահսկել, թե ինչքանով է դա տեղի ունենում: Ես կցանկանայի, որ բանկային համակարգն այս առումով ավելի նախանձախնդիր լիներ, որովհետև, ճիշտ է, բանկերի ներսում այդ կանոնը հենց սկզբից էլ պահպանվում է, բայց քանի որ քաղաքացիների մեծ հոսք է լինում, շատ կարևոր է, որ բանկերի դրսի հատվածում էլ լինի: Ընդ որում, մենք գիտենք, տեսել ենք նաև մի շարք շատ լավ օրինակներ, երբ բանկերը փայլուն կերպով լուծել են այդ խնդիրը: Բայց նաև մինչև այժմ էլ, հատկապես մարզային մասնաճյուղերից, մենք ստանում ենք տեղեկատվություն, լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել, այսինքն՝ իրար շատ մոտ հեռավորությամբ, չեմ ցանկանում ասել, որ իրար կիպ կանգնած: Այդ պրոբլեմը կա: Պարոն Գալստյան, կցանկանայի, որ այդ հարցին ուշադրություն դարձնեք:

Հաջորդը՝ «Հայփոստ»-ը, որը, ըստ էության, նույնպես պետական ձեռնարկություն է, և այդ հանձնարարականի շրջանակում պետք է հստակ կատարվեն այդ պայմանները: Մաքսատները, հարկ վճարողների սպասարկման կենտրոնները, ոստիկանության անձնագրային բաժինները և վարորդական իրավունքների թողարկման կետերը, պետհամարանիշերի թողարկման կետերը՝ այդ բոլոր պետական մարմինների ղեկավարները պետք է իմանան – խոսքը ստորաբաժանումների ղեկավարների մասին է – որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում այդ տարածքներում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար: Բայց, բացի սրանից, մեր վերլուծությունները ցույց են տալիս, և այդ վերլուծությունը կարծես ավելի համոզիչ է դառնում, որ մեր վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում կամ արեալ են հանդիսանում բակերը և մոտ հասցեները: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, ինչքան էլ ռեսուրսները սահմանափակ են, և ձևավորվել են ոստիկանության և պետական այլ մարմինների համատեղ կարգախմբեր, որոնք ամեն օրվա հետ ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ վերահսկողական գործառույթները: Շատ կարևոր է արձանագրել, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանխատեսում է, որ առաջիկայում այդ գնանկումը կշարունակվի, և, ըստ էության, եթե ճիշտ եմ հասկացել Ձեզ, պարոն Գևորգյան, առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ դիմակը 60-70 դրամով ձեռք բերել այդ ապարատներից: Ճի՞շտ եմ հասկացել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան – Միանշանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա գործնականում մենք արդեն միջազգայնորեն գիտականորեն հաստատված հիմնավորում ունենք, որ դիմակի կրումը և սոցիալական հեռավորությունը, ներառված նաև՝ ձեռքերի պարբերական ախտահանմամբ, 95 և ավելի տոկոսով երաշխավորում է: Ընդ որում, շատ կարևոր հանգամանք է պետք ընդգծել՝ դիմակները պաշտպանում են ոչ միայն և ոչ այնքան դիմակ կրողին, որքան դիմացինին: Այսինքն՝ դիմակը շատ ավելի էֆեկտիվ է դիմացինին չվարակելու, քան չվարակվելու համար: Ու քանի որ այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ հիմա մենք վստահ ենք, որ տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք Հայաստանի Հանրապետությունում, բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակակրի: Մենք ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի: Եվ, հետևաբար, դիմակ չկրելու համատեքստը ոչ այնքան այն է, որ ես չեմ վախենում վարակվել, այլ ավելի շատ այն է, որ ես պատրաստ եմ ուրիշներին վարակել: Եվ մեր սիրելի հայրենակիցները պետք է հենց այս համատեքստում դիտարկեն հարցը, որովհետև այս պայմաններում դիմակ չկրելը որոշակի անպատասխանատվության դրսևորում է ոչ այնքան սեփական անձի, որքան դիմացինի նկատմամբ, և սա հանրային համակեցության կանոնների առումով մեծ կարևորություն ունի:

Ցանկանում եմ էլի մի նրբության վրա մեր ուշադրությունը հրավիրել. ցավոք, ամեն օր մենք կորոնավիրուսից մահվան դեպք ենք ունենում. երեկ ունեցել ենք 7 դեպք, ևս 2 քաղաքացի մահացել է այլ պատճառով, բայց հիվանդ է եղել կորոնավիրուսով: Մահացությունների թիվը, ըստ էության, ուղղակի կապի մեջ է ընդհանուր հիվանդությունների թվի հետ, այսինքն՝ ինչքան մեծ է հաստատված դրական դեպքերին թիվը, այնքան մեծ է մահացության թիվը: Եվ, հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը, վարակելով և չվարակվելով, անկախ նրանից՝ իրեն անձամբ սպառնում է վիճակի ծանրացում, թե ոչ, որոշակի և շատ կոնկրետ ազդեցություն ունի մահացության ընդհանուր մակարդակի վրա: Եվ այս պրոցեսը, իրոք, շղթայական պրոցես է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծն ունի շատ կարևոր և շրջադարձային նշանակություն: Եվ էլի ցանկանում եմ իմ սեփական օրինակը վկայակոչել: Հիմա հետահայաց վերլուծելով ենթադրվող 14 օրը, որի ընթացքում ես վարակված եմ եղել կորոնավիրուսով՝ պատահել է այնպես, որ այդ ողջ ընթացքում ես առանց դիմակի չեմ շփվել, բացի իմ ընտանիքի անդամներից, ըստ էության, որևէ մեկի հետ կամ շփվել եմ շատ քիչ թվով մարդկանց հետ՝ սոցիալական հեռավորություն պահպանելով: Այդ բոլոր մարդկանց հետ ես շարունակական կապի մեջ եմ եղել, և քանի որ արդեն ինկուբացիոն ենթադրվող շրջանի 14 օրն ավարտվել է, կարող եմ ասել, որ որևէ մեկին այդ ընթացքում չեմ վարակել՝ միայն այդ բանի շնորհիվ, որ դիմակով եմ եղել և դիմակով եմ հարաբերվել նաև աշխատանքային հարաբերությունների ընթացքում:

Պարոն Թորոսյան, խնդրում եմ ներկայացրեք այսօր մեր պրոբլեմը հիվանդանոցների ծանրաբեռնվածության առումով, և ի՞նչ վիճակ է այդտեղ տիրում: Այսօրվա դրությամբ՝ ինչքա՞ն վարակված քաղաքացի ունենք, որ հոսպիտալացման կարիք ունի, վերակենդանացման տեղերի ծանրաբեռնվածությունը, հիվանդանոցային տեղերի ծանրաբեռնվածությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Պարզապես թվերին անդրադառնալուց առաջ ես ցանկանում եմ Ձեր միտքը շարունակել և մեկ անգամ հնչեցրել եմ, ցանկանում եմ նորից ասել, դա շատ կարևոր է: Մեզ առաջ հաճախ հարցնում էին, թե որտեղ են այդ վարակման օջախները, և վերլուծությունները իրոք ցույց են տվել, որ շատ մեծ կուտակումներ կան մոտ հասցեների և փողոցների, նույն փողոցում եղած դեպքերի: Եվ այս հարցն այնքանով է կարևոր, որ մենք փաստացի կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունենք՝ վերահսկելու դիմակների կրումը և սոցիալական հեռավորություն պահելը, բայց բակային և նաև, այսպես կոչված, այնպիսի թաղամասերում, որտեղ տնտեսական գործունեությունը մեծ չէ, այսինքն՝ ռուսերեն ասած, «спальный» շրջաններում, որտեղ մարդիկ հիմնականում պարզապես իրենց տներում են գտնվում, շատ դժվար է լինում այդ վերահսկողությունն իրականացնել: Եվ մենք որքան էլ ոստիկանական ուժերը մեծացնենք, այստեղ ես չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը: Եվ հաճախ հնչող այդ տեսակետը, որ, օրինակ, փողոցում, մենք հիմա էլ ենք լսում՝ ինչո՞ւ եք պարտադրում փողոցում դիմակ կրել, դա այդքան էլ չի պաշտպանում: Մենք, իհարկե, ապացուցել ենք, որ պաշտպանում է, նաև այլ երկրների փորձով: Բայց երբ ինքներս նայում ենք, օրինակ, զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, ինչքան էլ դա տրիվիալ հնչի, միայն դիմակն է, որ նրանց պաշտպանելու է, ուրիշ ոչինչ չի պաշտպանելու իրենց իրար վարակելուց և հետո ծանր ռեանիմացիայում հայտնվելուց: Մինչև մենք չհասնենք այս պարզ գիտակցմանը երևի մեր ամբողջ ազգաբնակչության մոտ, մենք չենք կարողանալու դիմակայել այս մարտահրավերին: Նույնը վերաբերում է այլ տիպի շփումներին: Ես դա մեկ օրինակ բերեցի, բայց ակնհայտ է, որ մենք հիմա մյուս առումներով ավելի լավ ենք՝ կենտրոնական փողոցներ, տնտեսվարող սուբյեկտներ նաև մեր վարչարարության շնորհիվ, բայց վատ ենք այդ հատվածում: Նաև ուզում եմ նորից հիշեցնել՝ հանրային ուրիշ տարբեր միջոցառումները՝ սգո արարողությունների հավաքները, ուրախության արարողությունների հավաքները նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների համար: Ես պարզապես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է նման անտարբերություն ցուցաբերել հենց մեր իսկ ծնողների, մեր հյուրերի ծնողների, մեր ամենահարազատ մարդկանց նկատմամբ: Այս գիտակցումը պետք է մենք ունենանք, որովհետև մահացող քաղաքացիների տարիքասեռային կազմը, հիվանդացությունը ցույց են տալիս, որ դա կարող է լինել ցանկացած մեկիս հարազատը, ցանկացածիս ծնողը, իմ ծնողը, իմ տատիկն ու պապիկը, ովքեր ունեն բարձր զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ և այլ ուղեկցող հիվանդություններ: Այս առումով կարծում եմ երևի պետք է հանրային կոմունիկացիան ավելի ուժեղացնենք, չնայած փորձել ենք անել, բայց դա շարունակական պետք է անենք:

Վերադառնակով թվերին, պարոն վարչապետ՝ առավոտյան 09:00-ի դրությամբ մենք ունենք 143 հոգի, ով կարիք ունի Covid հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը, որոնցից 9-ը թեթև ծանրության է, բայց կարիք ունի հոսպիտալիզացիայի, 16-ը միջին ծանրության է, էլի կարիք ունի հոսպիտալիզացիայի: Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, ովքեր համարվում են ծանր, այս պահին տանը չունենք: Սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում, և կարիք ունեն տեղափոխման իմ նշած ուղղվածությամբ հիվանդանոցներ: Այս թիվը օրվա ընթացքում հիմնականում տատանվում է: Վերջին օրերին ունեցել ենք մինչև 200, ունեցել ենք ավելի քիչ, բայց իջնելու կամ զրոյանալու միտում չկա: Պատճառը մեծ թվերն են:

Ես երեկ մի հրապարակում էի արել, որ մենք համաճարակաբանական միտումներով ավելի լավ վիճակում ենք, քան կանխատեսել էինք և ավելացրել էի, որ դա չի նշանակում, որ իրավիճակն ավելի բարվոք է, քան առաջ, որովհետև մենք գործ ունենք բացարձակ թվերի հետ: Մեր խնդիրը միայն միտումները չեն, այլև բացարձակ թվերն են, որոնք բերում են հենց այդ ծանրաբեռնվածության: Նույնիսկ վերջին օրերի մահճակալային ֆոնդի ավելացումները՝ օրինակ, մենք հիմա ունենք ռեանիմացիոն 263 մահճակալ, որոնք տրամադրված է միայն կորոնավիրուսին, 2 շաբաթ առաջ դրանք մոտավորապես 200-ն էին: Միևնույն է, ազատ տեղեր պրակտիկորեն չկան, այսինքն՝ հատուկենտ ազատ տեղեր են, և այս հաշվետվությունների կազմման պահին դրանք ազատ են, բայց հիմա որ հրապարակում եմ, վստահ չեմ, որ դրանք ազատ են, թե ոչ, որովհետև դրանք շատ արագ են ծանրաբեռնվում, և մեր բժիշկները փորձում են շատ արագ թեկուզ մի թեթև ծանրացող պացիենտին տանել ռեանիմացիոն բաժանմունքներ, որպեսզի կանխարգելեն վատացումը և ազատ չթողնեն այդ կարևոր ռեսուրսը:

Մյուս թիվն է կարևոր, որն ավելի լավ է ցույց տալիս իրավիճակը՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներն են, 444 հոգի ունենք՝ ծանր վիճակում գտնվող և 131՝ ծայրահեղ ծանր վիճակում, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա:

Վերջին օրերի լայնացումները, հիվանդանոցային ֆոնդի մոբիլիզացիան, իհարկե, շարունակվում է, սակայն դա հաճախ այնքան արագ չի լինում, ինչքան մենք ցանկանում ենք: Այսինքն՝ արձանագրվող թվերն ավելի արագ են աճում, կամ բացարձակ թվով ավելի շատ պացիենտ ենք ունենում, քան մոբիլիզացվող մահճակալները: Որպես օրինակ կարող եմ բերել՝ հիմա արդեն քաղաքացիներ են ընդունում Վեդու բժշկական կենտրոնը, և այս պահին 60 մահճակալից զբաղված է արդեն 29-ը, իսկ ինչո՞ւ 29-ը, որովհետև մյուս մահճակալների վրա դեռևս թթվածնային կետերը դեռևս ամբողջությամբ չենք հասցրել ավելացնել, որպեսզի բոլորն ընդունեն: Նույնը Դիլիջանի բժշկական կենտրոնում է: Եվ 2 բժշկական կենտրոն էլ հերթին մեջ են՝ Սպիտակի բժշկական կենտրոնը և Մարտունու բժշկական կենտրոնը, չհաշված, իհարկե, մեծ ռեանիմացիաները, որոնց մասին ես խոսել եմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, Էրեբունիում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում: Այդտեղ նույնպես ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները: Բայց ես կրկին խնդրում եմ, որ մենք կենտրոնանանք ավելի շատ թվերի զսպման, քան ռեսուրսների ծավալման վրա, որովհետև ռեսուրսները երբեք հերիք չեն լինելու մեծ բացարձակ թվերի դեպքում: Հետևաբար, կարծում եմ, այն, ինչի մասին խոսեցիք Դուք և ես, մեր ուշադրության կենտրոնում դեռ երկար պետք է մնան: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա շատ կարևոր նրբություն է, որովհետև էլի եմ ասում՝ քանի որ հարցը կորոնավիրուսի հիվանդության մասին է, մեր շատ քաղաքացիներ խնդիրն ընկալում են որպես առողջապահական կամ հիվանդանոցային կարողությունների խնդիր, բայց խնդիրը դա չէ: Որովհետև, այո, հիվանդանոցային կարողությունները ծավալվում են, վերակենդանացման տեղերը շատանում են, թթվածնով հիվանդանոցային տեղերը շատանում են, բայց դա չի կարող անվերջ ծավալվել, և մյուս կողմից էլ՝ այսօր չենք կարող նաև ամբողջ առողջապահական հզորությունները ծառայեցնել բացառապես կորոնավիրուսային հիվանդությանը, որովհետև մարդիկ, կներեք, այս ընթացքում ինֆարկտ էլ են ստանում, այլ հիվանդություններով նույնպես հիվանդանում են, և նրանց էլ պետք է բուժօգնություն տրվի: Եվ եթե մենք այս թվերը չպակասեցնենք, կծավալվենք, մեկ է մի պահ ուղղակի ծավալվելու տեղ չի լինի, խնդիր կառաջանա զրոյից նոր հիվանդանոց կառուցելու, որը պետք է տևի 3 կամ 1 կամ 2 տարի: Այնպես որ խնդիրն առողջապահական համակարգից դուրս մեր գործողությունների էֆեկտիվության մեջ է, որը էլի նույն խնդիրն է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը: Այս առումով մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք դրա վրա՝ հիվանդանոցներից դուրս, հանրային կյանքում, բակերում, ես համաձայն եմ, շքամուտքերում: Գիտենք, որ վաղեմի սովորություն կա Երևանում, երբ շքամուտքերում սրճախմություն է կազմակերպվում, որը շատ սիրելի և կոլորիտային սովորություն է Երևան քաղաքի և ոչ միայն Երևանի, ընդհանրապես քաղաքների համար: Իմիջիայլոց, ես երկար էի մտածում, պարոն Թորոսյան, այդ թվում այն մասին, թե ի՞նչն է պատճառը, որ վարակված կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանց: Դրա համար կա 2 պատճառ՝ մեկը, որ տեքստիլի ոլորտից եկողն էր, բայց այս հանգամանքը նույնպես կարծում եմ էական դեր է խաղում, որովհետև կանայք այդպիսի ներշենքային շփումներում հատկապես իրենք առավել ակտիվ են լինում, և մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա:

Պարոն Գևորգյան, այնուամենայնիվ, եթե կարելի է ավելի կոնկրետացրեք, դիմակների շուկայում, մենք այսօր ի՞նչ վիճակ ունենք և ի՞նչ ենք սպասում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան – Պարոն վարչապետ, խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածը մինչև 150 դրամ է հասնում: Խոսքն ամենաշատ օգտագործվող դիմակի մասին է՝ եռաշերտ դիմակի: Ավտոմատ ապարատների միջոցով այսօր նոր խմբաքանակը ստանանք, արդեն մեծածախի գինը նվազագույնը կհասնի 60 դրամի: Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերություններն էլ գինը իջեցրել են:

Նոր խմբաքանակը, երբ ստացանք, կդառնա երկու հատն առավելագույնը 150 դրամ, այսինքն մի դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվի: Դրանք ստերիլ փաթեթավորված են, նաև հարմար են օգտագործման տեսանկյունից: Բացի այդ, կարծում եմ, այս ամիս մենք կավարտենք վարույթը խոշոր դեղատնային ցանցերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ոլորտում և եթե գերիշխող դիրքի չարաշահումները հաստատվեն, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն: Բայց կրկնում եմ, որ չկա նման երևույթ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է եղել կամ ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200 կամ 220 դրամով: Նման բան բացառում եմ, չկա որևէ թիվ: Այո՛, ժամանակին եղել է 20-30 դրամ, բայց ներմուծման արժեքն է ցածր եղել: Համաշխարհային դեֆիցիտի պատճառով դիմակի գները բարձրացել են: Ընդ որում Հայաստանն իր, մենք նաև ամբողջ տարածաշրջանն ենք ուսումնասիրել, գնային սեգմենտով, այլ երկրներում մեզանից բարվոք վիճակ չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համեցեք, պարոն Թորոսյան:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, առիթն ուզում եմ օգտագործել, դիմակների մասին երկու բառ ասել: Տեսեք, մենք որ սկսեցինք խնդրել մեր քաղաքացիներին, հետո պարտադիր դարձրեցինք դիմակ կրելը, նաև հավելեցինք, որ եթե կան ֆինասական դժվարություններ, ապա առնվազն խնդրում ենք ձեզ օգտագործել տնային օգտագործման դիմակներ, որը սակայն երբեք չի կարող փոխարինել բժշկական դիմակներին: Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ նաև մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում առնվազն մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ այստեղ ներկա, կտորե դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում, նույնը՝ մեր մյուս քաղաքացիներին:

Այսինքն կտորե դիմակի ալտերնատիվ լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով: Դա շատ կարևոր է հատկապես այն քաղաքացիներին պաշտպանելու համար, ովքեր ավելի խոցելի են: ԱՀԿ-ն ասում է, որ եթե 60-ից բարձր ես և խոցելիի խմբում ես, պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս գալուց և ներս գալուց՝ արտաշնչելիս, փռշտալիս և հազալիս: Այնպես որ, կարծում եմ, այս հաղորդագրությունը պետք է շատ հստակ տրվի: Շնորհակալություն:

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930