Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ վերաբերում է ով ում որտեղից կշպրտի՝ ժամանակը ցույց կտա, ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում». Արման Աբովյանը՝ Փաշինյանին

Հունիս 18,2020 14:11

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» դրած պայմանին, այն է՝ իրենց ներկայացուցիչը դառնա հանձնաժողովի նախագահ, ասաց, որ իրենք նախապայմաններով չեն խոսում. «Ոչ մի մանրամասն այս պահին չեմ հաղորդելու, գնում է քաղաքական գործընթաց: Նույնն էլ՝ ՍԴ դիմելու պահով»:

Աբովյանը հայտարարեց, որ այս օրերի ընթացքում 4000-ից ավելի մարդ է դիմել, որ ընդգրկվի ԲՀԿ-ի մեջ. «Մարդիկ զանգում են, գրում են: Դա ոչ միայն նեղ կուսակցական, կամ միայն պարոն Ծառուկյանին վերաբերող խնդիր է, դա գլոբալ պետական խնդիր է: Այն ճանապարհը, որն այսօր ընտրել են իշխանությունները, տանում է դեպի ոչ թե անդունդ, այլ՝ դեպի կոլապս: Եթե մենք ունեինք խնդիրներ տարբեր ոլորտներում, այսօր ունենք ակնհայտ քաղաքական ճգնաժամ, որի միակ մեղավորն իշխանություններն են: Այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, արդեն շատ-շատ վատ հետեւանքներ են առաջացրել թե՛ Հայաստանի իմիջի մասով, թե՛ քաղաքական զարգացումների»:

Երեկ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հնարավոր է քննարկեն օրենսդրական նախաձեռնություն բերելու հարցը, որով կարգելեն այն կուսակցությունների գործունեությունը, որոնք ընտրակաշառք են բաժանել ու բռնացել ընտրողների կարծիքի վրա: Արման Աբովյանն ի պատասխան հորդորեց վարչապետին ուսումնասիրել այն երկրների փորձը, որոնք գնացել են այդ ճանապարհով ու արգելել են կուսակցությունների գործունեությունը. «Իշխանություններն ուզում են այդպես բուռն պրոցեսներ գեներացնել, որովհետեւ հասկանում են՝ ժողովրդական լեզվով ասած՝ տակ են տալիս»: Ավելին՝ կուսակցություններին ու կուսակցությունների ղեկավարների լռեցնելու այս փորձերի մեջ Աբովյանը նեոլիբերալ ֆաշիզմի տարրեր է տեսնում. «Ինքը պոզով-պոչով չի լինում»:

ԲՀԿ պատգամավորն ասաց, որ պարզ է, իշխանությունները պետք է փորձեն արդարանալ, հո չե՞ն ասի՝ ճնշում ենք, որովհետեւ քաղաքական վտանգ ենք տեսնում, վախենում ենք. «Իրենց կասկածներով, ցնցումային տեղաշարժերով պատեպատ են իրենց տալիս, հանգստացե՛ք, կամ ասեմ այսպես՝ հանգիստ նստեք տեղնե՛րդ»:

Արման Աբովյանը նաեւ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության ու կուսակցության նախագահը չի փոխվելու է. «Եղել է, կա ու կմնա Գագիկ Ծառուկյանը՝ յուրաքանչյուր պարագայում: Որտեղ էլ գտնվի պարոն Ծառուկյանը, օպերատիվ կառավարման բոլոր լծակներն ունենք, ոչ մի խնդիր մենք չենք ունենա»:

Aravot.am-ը հարցրեց՝ երեկ վարչապետը նաեւ հայտարարեց ԱԺ ամբիոնից, որ բոլոր այն ուժերը, մարդիկ, որոնք «ղազագրի» վրա հիմնված գործունեություն են ծավալել, հայ ժողովուրդը նրանց վզներին տալու է եւ դուրս է շպրտելու ԱԺ-ից, ձեր արձագանքը ո՞րն է՝ Աբովյանը պատասխանեց. «Ղազագիր ասածը չեմ հասկանում: Ես իմ մասով կարող եմ ասել՝ ես ոչ մի թերթիկից տեղյակ չեմ: Հնարավոր է մեկ-երկու հոգի գրել են, բայց, օրինակ, տիկին Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը հերքեցին: Այս իշխանությունից սպասելի է յուրաքանչյուր քայլ, որը կարդարացնի իրենց ապօրինի քայլերը: Ինչ վերաբերում է ով ում որտեղից կշպրտի՝ ժամանակը ցույց կտա. ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930