ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրը, որը պաշտոնը կստանձնի սեպտեմբերին: Նա գլխավորելու է ՄԱԿ 75-րդ նստաշրջանը, որը կառույցի պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է ոչ թե Նյու Յորքում, այլ առցանց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Բոզքիրը, որը նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, ստացել է 178 երկրների ներկայացուցիչների աջակցությունը, քվեարկությունից ձեռնպահ է մնացել 11 երկիր, ևս երեք քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ