Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից. կառավարությունը հրապարակեց շահառուների ցանկը

Հունիս 18,2020 13:41

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում ասաց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին: Նախարարի խոսքով, տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային եւ հյուրատնային ծառայությունները, հանրային սննդի ծառայությունները, զբոսաշրջային ծառայությունները, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ) իրականացնող ծառայությունները, սպորտի բնագավառում գործունեություն իրականացնող ծառայությունները, որոնց թվում են սպորտային ակումբները, լողավազանները, զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնող տնտեսվարողները, կինոթատրոնների գործունեություն իրականացնողները, լուսանկարչության բնագավառում բիզնես իրականացնողները, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթով զբաղվողները, ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն իրականացնողները, կրթական՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում գործունեություն իրականացնողները եւ խաղատների գործունեությամբ զբաղվողները:

Զարուհի Բաթոյանի խոսքով, աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով: Ըստ նախարարի, քանի որ բանկերն այս օրերին ծանրաբեռնված աշխատում են՝ գումարի փոխանցումը չի կատարվելու բանկերի միջոցով: Աջակցությունը տրամադրվելու է դիմումների հիման վրա, որը լրացվելու է ssa.am կայքում:

Դիմումների ընդունումը կսկսվի հունիսի 22-ից: Այս միջոցառումն, ըստ Բաթոյանի, կվերաբերի շուրջ 36800 քաղաքացու, իսկ ընդհանուր բյուջեն կկազմի 2,5 միլիարդ դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930