Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը ներկայացրեց Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետի «մութ անցյալի» մասին տեղեկություններ

Հունիս 18,2020 13:25

Վերաքննիչ դատարանն այսօր շարունակեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերած պաշտպանական կողմի բողոքը:

Պաշտպանական խումբը խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդության մերժումը հիմնավոր չի համարում։

Փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց որոշ տեղեկություններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար երաշխավորություն ներկայացրած Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի մասին:

«Երբ կոնկրետ գործի շրջանակներում նրա նկատմամբ հետախուզում կար ու երբ եկել էր Հայաստան, Արցախ, Ռոբերտ Քոչարյանն է նրան շնորհել այդ հետապնդումից ազատվելու երաշխիք, այդ արարքը արդարացվել է Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Արցախի, հետագայում ՀՀ նախագահի կողմից իրավաչափ չգնահատելու արդյունքում»,- Անուշավան Դանիելյանի մասին ասաց Տիգրան Եգորյանը:

Տիգրան Եգորյանի հայտարարությանը առարկեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով, որ Եգորյանը խոսում է նյութերի մասին, որոնք չկան գործում ու չեն հետազոտվել: Ըստ փաստաբանի՝ եթե Դանիելյանը եղել է հետախուզման մեջ, ապա ո՞ր նյութերը նկատի ունի Եգորյանը, ո՞ր նյութերին է հղում տալիս, որովհետեւ այդպիսի նյութեր չեն հետազոտվել: Նա նաեւ ասաց, որ հայոց լեզվով Եգորյանի մատնանշած հայտարարությունը փաստող փաստաթուղթ չկա. «Քննարկում ենք ռուսալեզու լրագրողի մի հոդված ու կատարում այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ մի նյութով հաստատված չեն»:

Նախագահող դատավորն էլ Եգորյանից փաստ պահանջեց իր հայտարարությունների վերաբերյալ:

Տիգրան Եգորյանն էլ շարունակեց, թե կան հրապարակված տեղեկություններ, որ Անուշավան Դանիելյանը Ղրիմում հետապնդման արդյունքում է եկել Հայաստան, ազգանունը փոխել եւ միջազգային հետախուզման պարագայում Քոչարյանը նրան քաղաքացիություն է շնորհել, հետո վարչապետի պաշտոն. «Փորձում եմ գնահատել Քոչարյանի հանդուրժողականությունը այն քննարկումների կապակցությամբ, որոնք վերաբերել են մի անձի, որը վարչապետ է նշանակվել»:

Անդրադառնալով մյուս երաշխավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ մինչեւ դատարան ներկայանալը ու ներկայանալուց հետո էլ նա հարցազրույցներ է տվել՝ հայտարարելով, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդումն ապօրինի է, քաղաքական հետապնդում են իրականացնում, եւ որ այսօրվա իշխանությունները ճնշումներ են կիրառում: Ըստ փաստաբանի՝ Խոսրով Հարությունյանը Քոչարյանին առաջադրված մեղադրանքը շինծու ու անհիմն է որակել, եւ զարմանալի է, որ այս դիրքորոշումն ու համոզմունքն ունենալով՝ երաշխավոր է հանդես գալիս. «Այն նույն կարծիքն ունի, ինչ Ռոբերտ Քոչարյանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930