Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից. կառավարությունը հաստատեց օրենսդրական նախագիծը

Հունիս 18,2020 13:18

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ  այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։

Նոր նախագծի միջոցով նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Կառավարության կողմից այսօր ընդունված նախագծի համաձայն.
1.Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։
2․Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը
3․Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։
4․Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):
5․Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով՝ արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։

Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։

Նախագծի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ e-draft.am առցանց հարթակում:

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930