Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է երեխայի նպաստներին գյուղական բնակավայրերում: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքով, այս փոփոխության նպատակը իրավական հիմքեր ստեղծելն է արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար. «Մասնավորապես՝ առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել եւ վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող եւ միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն՝ նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»:
Ըստ նախարարի, խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի ՀՀ-ի բնակչության ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողները՝ մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաեւ չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն՝ քաղաքում ապրող եւ չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող եւ աշխատող ծնողները կստանան 26 500 դրամ նպաստ: Իսկ գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովրդագրական խնդիրներն ավելի սուր են հենց գյուղական բնակավայրերում եւ այդ տարբերակված մոտեցմամբ փորձել են այդ խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ