Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ ունենք 143 քաղաքացի, որոնք կարիք ունեն հոսպիտալացման: 25-ը գտնվում են տանը: 9-ը թեթեւ ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալացման: 16-ը միջին ծանրության են, որոնք նույնպես կրկին կարիք ունեն հոսպիտալացման: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, այս թվերն օրվա ընթացքում տատանվում են, բայց նվազելու միտում չկա:
Նախարարի խոսքով, վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր պրակտիկորեն չկան. «Հատուկենտ ազատ տեղեր են, բայց դրանք շատ արագ ծանրաբեռնվում են եւ բժիշկները փորձում են, թեկուզ մի թեթեւ ծանրացող պացիենտին արագ տանել ռեանիմացիա, որպեսզի կանխարգելեն վատացումը»:
Թորոսյանի տվյալներով, 444 հոգի ծանր վիճակում են, 131 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նրանցից 39-ը թոքերի արհեստական սարքերին են միացված:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ իրենց վերլուծությունները նույնպես ցույց են տվել, որ շատ մեծ կուտակումներ կան մոտ հասցեների եւ նույն փողոցում եղած դեպքերի:
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով, բակային եւ այնպիսի թաղամասերում, որտեղ տնտեսական գործունեությունը մեծ չի, շատ դժվար է լինում վերահսկողություն իրականացնել. «Երբ տեսնում ենք զրուցարանում նստած մեր քաղաքացիներին նարդի խաղալիս, միայն դիմակն է, որն նրանց պաշտպանելու է, ուրիշ ոչինչ չի պաշտպանելու նրանց վարակելուց եւ հետո ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց: Մինչեւ այս գիտակցությունը մեր ազգաբնակչությանը չհասցնենք՝ մենք այս մարտահրավերին չենք կարողանալու դիմակայել: Սգո արարողությունների, ուրախ առիթների հավաքները նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների համար: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է նման անտարբերություն ցուցաբերել մեր ծնողների, մեր հյուրերի ծնողների, մեր ամենահարազատ մարդկանց նկատմամբ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ