Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի է, որ չհաջողվեց տարանջատված պահել իրավական գործընթացները քաղաքական գործընթացներից. Գոհար Մելոյան. «Փաստ»

Հունիս 18,2020 11:54

Վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավական գործընթացները մեծամասամբ քաղաքականացված են, և առավելապես շատ ցավալի է իրավապահ մարմինների ներգրավումը քաղաքական գործընթացներում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:

«Քաղաքական հարցերով, քաղաքական շեշտադրումներով պայմանավորված իրավական գործընթացներում մենք ակնհայտորեն օրենքի տարբերակված մոտեցման ենք ականատես լինում: Կամ էլ՝ հակառակը, տեսնում ենք, թե ինչպես են կոնկրետ քաղաքական նպատակ հետապնդելու արդյունքում իրավական գործընթացներ մեկնարկում՝ այդ գործընթացներում կրկին ներգրավելով իրավապահ մարմիններին, որոնք պետք է մաքսիմալ քաղաքական չեզոքություն դրսևորեն ըստ օրենքի և ըստ Սահմանադրության:

Քաղաքական-իրավական գործընթացների այս իրավիճակը այնքան է խառնվել իրար, որ թե՛ իմ, թե՛ իրավաբանական համայնքի մեծամասնության գնահատմամբ, ականատես եղանք նաև Սահմանադրության, սահմանադրական կարևորագույն սկզբունքների ոտնահարմանը՝ կրկին պայմանավորված քաղաքական նպատակներով: Իմ մատնանշած խնդիրները կոնկրետ դեպքեր ու օրինակներ ունեն»,-ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ նշվածն ամփոփված գնահատական է, որը կարող են կոնկրետ դեպքերով մասնավորեցնել և հիմնավորել:

«Բայց, ընդհանուր առմամբ, ցավալի փաստն այն է, որ իրապես չհաջողվեց Սահմանադրության և օրենքի ոգուն համահունչ տարանջատված պահել իրավական գործընթացները քաղաքական գործընթացներից և ապահովել օրինականության սկզբունքը, ինչը հստակ ամրագրվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. այն է՝ յուրաքանչյուր պաշտոնատար անձ և պետական մարմին իրավասու են կատարել բացառապես այնպիսի լիազորություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով: Մենք այսօր իրապես ռեալ իրավական անվտանգության խնդրի առջև ենք կանգնել՝ սահմանադրական հիմնարար սկզբունքները ոտնահարել, խախտել, անտեսել, ինչպես նաև իրավական գործընթացները քաղաքական գործընթացներով զուգորդել ու համեմել, քաղաքացիներին տարբերակված մոտեցումներ ցուցաբերել, իրավական նորմերին ըստ քաղաքական նպատակահարմարության տարբերակված մեկնաբանություններ տալ: Այս ամենն իրավական անվտանգության լրջագույն սպառնալիքի առաջ է կանգնեցնում և՛ պետությանը, և՛ հանրությանը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930