«Երեկ կրկին կորոնավիրուսի 665 նոր դեպք ենք հայտնաբերել եւ մեզ չի հաջողվում թվերն իջեցնել: Պատճառն այն է, որ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում եւ մենք ստիպված ենք ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով»,-կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա բացատրեց ինչո՞ւ է պարետատունը քաղաքացիներից պահանջում իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ. «Եթե, օրինակ՝ քաղաքացին դիմակ չկրելու համար պիտի տուգանվի, բայց իր մոտ չունի փաստաթուղթ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ավելի երկար է տեւում, որովհետեւ, անհրաժեշտ է տանել ոստիկանության բաժին, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրություն կազմել»: Ըստ Փաշինյանի, եթե քաղաքացին դիմակ չի կրում եւ նաեւ չունի անձը հաստատող փաստաթուղթ, համարվելու է երկու առանձին վարչական խախտում: Վարչապետը նաեւ ասաց, որ պետական մարմինները, որոնք քաղաքացիներին ծառայություն են մատուցում, նույնպես պետք վերահսկեն հերթերը:
Փաշինյանն ասաց, որ մարզերից տեղեկություններ են հասնում, որ բանկերի մոտ քաղաքացիները շարունակում են «հին ձեւերով հերթ կանգնել, իրար քիփ կպած»:
Նա նորանշանակ ԿԲ ղեկավարին հորդորեց ուշադրություն դարձնել այդ խնդրին:
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը եւ մոտ հասցեները: Մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, որքան էլ ռեսուրսները սահմանափակ են: Ձեւավորվել են խմբեր, որոնք ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ միջոցառումները»,-ասաց Փաշինյանը: Նրա հավաստմամբ, շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում եւ առաջիկայում հնարավոր կլինի մեկ դիմակը ապարատներից ձեռք բերել 60-70 դրամով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ