Հունիսի 19-ին Երևանում կայանալու է Արցախի ու Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ նման նիստերն արդեն բարի ավանդույթ են դարձել։
«Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում, Թուրքիայի հետ անընդհատ սերտացնում է փոխգործակցությունը։ Ինչպե՞ս կարող ենք դրան դիմակայել, բնական է՝ միասնական ուժերով, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելով։ Կամ՝ Արցախում շուտով կիրականացվեն տարբեր ռազմավարական ծրագրեր, այդ տեսակետից, այս երրորդ ճանապարհը կարևորագույն տեղ ու դեր ունի։ Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք առանց նման քննարկումների անհնար է լուծել»։
Ինչ վերաբերում է այս օրերին Հայաստանում ընթացող ներքին զարգացումներին և դրա հնարավոր արտաքին շերտերին, հակառակորդի հնարավոր գործողություններին, Դավիթ Բաբայանն ասաց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներքին կայունությունը միշտ բարձր մակարդակի վրա լինի։ Իհարկե, հակառակորդը երազում է, որ մենք իրար դեմ լինենք՝ Արցախի հարաբերությունները վատ լինեն Մայր Հայաստանի հետ, Սփյուռքի հետ հարաբերությունները վատանան, ներքին պառակտվածություն լինի։ Բնական է, որ սա ակնհայտ ճշմարտություն է։ Իսկ մենք պետք է անենք ամեն ինչ, որ պրոցեսներն ընթանան բացառապես օրենքի սահմաններում, իրավական գործընթացները ևս օրենքի սահմաններում լինեն։ Մենք ուշիուշով հետևում ենք, որ Մայր Հայաստանում կայունությունը լինի շատ բարձր մակարդակի վրա»։
Կարդացեք նաև
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: