Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս շաբաթվա սկզբին հայտնել է Ռուսաստանի քաղաքացի Վասամբեկ Բոկովի ձերբակալության մասին՝ պատվերով սպանություն նախապատրաստելու մասին գործի հետաքննության շրջանակներում: Մինչ այդ վրացական ԶԼՄ-ները հրապարակել էին տեղեկությունն այն մասին, որ ձերբակալվածը ծրագրել էր հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի սպանությունը, որը 2019թ. հուլիսին ուղիղ եթերի ժամանակ հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է BBC-ն:
«Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի ղեկավար Նիկի Գվարամիան հայտարարել է, որ սպանության պատվիրատուն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն է: Գաբունիան, որն այժմ աշխատում է այդ հեռուստաալիքում, Գվարամիայի տեղակալն է: Ռամզան Կադիրովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ լրագրողի դեմ մահափորձը նախապատրաստվել է իր հրամանով: Նա միևնույն ժամանակ ասել է, որ իր հրամանները սովորաբար հասցնում են ավարտին:
«Մենք հստակ գիտենք մեր աղբյուրներից, որ դա կապված է «Ռուսթավի-2»-ի եթերում Պուտինի մասին Գաբունիայի ելույթի հետ, իսկ պատվիրատուն Ռամզան Կադիրովն է»,-ասել է Գվարամիան:
Նրա խոսքով՝ վրացի իրավապահ մարմինները նախապատրաստվող հանցագործության մասին իմացել են ուկրաինացի գործընկերներից, որոնք հետաքննություն էին սկսել մի քանի ամիս առաջ: Ի պատասխան հաղորդագրությունների, թե վրացական կողմը սպանության պատվիրատուի մասին իմացել է ուկրաինացի գործընկերներից, Կադիրովը խորհուրդ է տվել ուկրաինական կողմին «ավելի լուրջ պահվածք դրսևորել»:
Կարդացեք նաև
Քննչական մարմիններին չի հաջողվել ցուցմունք վերցնել Գվարամիայից, վերջինս հրաժարվել է ներկայանալ հարցաքննության՝ պատճառաբանելով, որ չի վստահում իրավապահ մարմիններին, բայց պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ դատարանում:
Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ հաջողվել է կանխել ոչ միայն ծանր հանցագործություն, այլ նաև երկրի կայունությունը խարխլելու փորձ: Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը հերթական անգամ հաստատեց, որ ունի լծակներ՝ կայունություն ապահովելու, սադրանքներին դիմակայելու համար: Միևնույն ժամանակ նախագահը հրաժարվել է մեկնաբանել Կադիրովի հայտարարությունները և խոսել ռուսական կողմի հավանական ներգրավվածության մասին:
Վարչապետ Գիորգի Գախարիան էլ հայտարարել է, որ Վրաստանին հաջողվել է կանխել ծանրագույն մի հանցագործություն, իսկ կառավարության ներկայացուցիչների, իրավապահ համակարգի առաջնային պարտականությունն այժմ գործի շուտափույթ հետաքննությունն է։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ