Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժվել է Անդրանիկ Քոչարյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի

Հունիս 18,2020 11:10

Գործը, որով մենք հաղթանակ ենք գրանցել, ավելի կարեւոր նշանակություն ունի մեզ համար։ Այս գործով հայցվորն իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը մեզ հետ դատական վեճի մեջ է 14.03.2019թ․ «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» հոդվածի համար, որտեղ հիշել են Քոչարյանի՝ Գյումրիում աշխատելու տարիները, եւ որի հեղինակը գյումրեցի լրագրող Հասմիկ Մելքոնյանն է։ Դատարանը գտել է, որ «Հրապարակ» օրաթերթն այս պարագայում «հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ հեղինակին՝ Հասմիկ Մելքոնյանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով հանդիսանում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու հիմք», ուստի «Հրապարակ օրաթերթ ՍՊ ընկերության դեմ ներկայացված հայցն անհիմն է եւ ենթակա մերժման, որպիսի պարագայում այլեւս առարկայազուրկ է հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունների վիրավորական եւ զրպարտչական բնույթի եւ ապացուցման առարկայի մեջ ներառված մյուս փաստերի գնահատումը»:

Այսինքն, օրենսդիր մարմնի գլխավոր հանձնաժողովներից մեկի նախագահը՝ իր փաստաբանի հետ, մեկ տարուց ավելի դատական վեճի մեջ է ներքաշել մեզ միանգամայն անհիմն, անգամ չճշտելով օրենքի տարրական սկզբունքները՝ որ այլ անձի հոդվածի համար լրատվամիջոցը պատասխանատվություն չի կարող կրել։ Ավելին, դատարանն ուղղակի ապտակ է հասցրել այս անձանց գրագիտությանն ու ադեկվատությանը․ «Դատարանը, անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ ինքը դիմել է պատասխանող ընկերությանը (այսինքն՝ «Հրապարակի» խմբագրություն)՝ Հասմիկ Մելքոնյանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, սակայն իրեն գրավոր չեն պատասխանել, իսկ բանավոր՝ մերժել են, ինչը ենթադրում է, որ լրատվական գործունեություն իրականացնող պատասխանող ընկերությունն օգտվել է տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, ուստի եւ պատասխանատվություն կրում է հենց վերջինս, արձանագրում է, որ պատասխանող ընկերությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտել եւ դրան հղում է կատարել տեղեկատվության տարածման հետ միաժամանակ, ինչն անհիմն է դարձնում հայցվորի ներկայացուցչի հիշյալ պնդումը»:

Այս մարդիկ, փաստորեն, չգիտեն՝ ինչ ասել է տեղեկատվության աղբյուրի գաղտնիություն։ Եթե հոդվածի տակ նշված է հեղինակի անունը, եւ նա իրական անձ է, այլեւս ի՞նչ աղբյուր չբացահայտելու մասին է խոսքը։ Վճռի եզրափակիչ մասում դատարանը գրել է․ «Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, մերժել»:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930