Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայել ոչ թե «ժողովրդին», այլ Մարդուն

Հունիս 18,2020 10:00

«Ես իմ ողջ կյանքի ընթացքում խոնարհաբար ծառայել եմ իմ ժողովրդին»՝ առնվազն 25 դար այս «մոգական բանաձեւը» կրկնում են աշխարհի գրեթե բոլոր իշխանավորները, ինչպես նաեւ քաղաքական գործիչները: Այդպես են խոսում արյունալի բռնակալներն ու ժողովրդավարական ճանապարհով եկած ղեկավարները, ամենացինիկ կոռուպցիոներներն ու այդ առումով պարկեշտության սահմանները չանցնողները: Բայց դա, հավանաբար, այն խոնարհությունը չէ, որի մասին ասված է Աստվածաշնչում: Հիշո՞ւմ եք՝ փարիսեցին տաճարում գլուխ է գովում իր խոնարհությամբ, իսկ մաքսավորը, առանց աչքերը վեր բարձրացնելու ներողություն է խնդրում Աստծուց իր մեղքերի համար: Հիսուսը եզրակացնում է. «Մաքսավորն է, որ արդարացած տուն գնաց եւ ոչ թե փարիսեցին, որովհետեւ ով որ բարձրացնում է իր անձը, պիտի խոնարհվի, եւ ով խոնարհում է իր անձը, պիտի բարձրանա» (Ղուկաս, 18, 14):

25 դար «իրենց ժողովրդին ծառայելուց» հետո աշխարհի իշխանավորները թերեւս կարող են մի փոքր հանգստանալ եւ մտածել Մարդուն ծառայելու մասին: Տարբերությունը, կարծում եմ, հսկայական է. «ժողովրդին ծառայելը» սովորաբար ենթադրում է ինչ-որ «սակրալ» ճշմարտությունների իմացություն, որոնք «իրավունք են տալիս» մարդկանց ոտնատակ անելու: Պատկերացնո՞ւմ եք, որ Քամյույի հերոս Բեռնար Ռիեն ժանտախտի ժամանակ հայտարարեր, որ ծառայում է ժողովրդին: Կարո՞ղ է պատահել, որ նման բան ասեր, օրինակ, Յոհան Սեբաստյան Բախը: Կամ Ներսես Շնորհալին (որն, ի դեպ, իշխանավոր էր):

Մարդկանց ցավ պատճառելու մոլուցքը, որպես կանոն, ուղեկցվում է Արդարությանը, Ժողովրդին, Քրիստոսին կամ Ալլահին ծառայելու հավաստիացումներով ու վերջիններիս անունից «ճիշտ ճանապարհից շեղվածներին» պատժելու իրավունքի հայտարարագրմամբ: Դա, ինչպես հիմա ընդունված է ասել, մանիպուլյացիա է, որի նպատակն է մարդկանց վերահսկելը: Անկախ նրանից, թե ով է իր կամքը պարտադրում՝ ծնողն իր երեխային, աղանդի «քրմապետը»՝ իր հոտին, թե փողոցային հռետորը՝ ժողովրդական զանգվածներին, էությունը նույնն է. «Բավարարի՛ր իմ ցանկությունները, քմահաճույքները, հակառակ դեպքում քեզ սարսափելի պատիժներ են սպասում»: Իսկ «հանուն գաղափարի» պատիժներ իրականացնելու սրբազան պարտականությունը կատարում է հենց ինքը՝ «քրմապետը» իր «շարքային քրմերի» օգնությամբ:

…Այս օրերին դիտում եմ այլընտրանքային պատմության ժանրի մի սերիալ, որտեղ նացիստների առաջնորդն ասում է. «Այո, կզոհվեն միլիոնավոր մարդիկ, բայց դա կլինի աշխարհում վերջին պատերազմը, որից հետո սկսվելու է համընդհանուր երջանկության եւ բարեկեցության լուսավոր դարաշրջանը»: Բայց դա պատրանք է. ցանկացած «պատերազմից» հետո, անկախ դրա մասշտաբից, լինելու է նոր, ավելի մեծ «զոհեր» պահանջող «պատերազմ»: «Պատերազմ» եւ «զոհեր» բառերը չակերտների մեջ եմ առնում: Հուսով եմ, պարզ է, թե ինչի մասին է խոսքը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Չի կարելի հանճարին հակադրել փոքր մարդուն, Մարդուն կարող է ծառայել հանճարը, իսկ մնացածը եթե գոնե իրենք իրենց ու իրենց ընտանիքին ծառայեն, էլի մեծ գործ կանեն:

  2. Ruben says:

    «Ես իմ ողջ կյանքի ընթացքում խոնարհաբար ծառայել եմ իմ ժողովրդին»՝ Այսպես ասում են «վերածնված» օխլոսները:

    «Իր ողջ կյանքի ընթացքում խոնարհաբար ծառայել է իր ժողովրդին»՝ Այսպես են ասում սեփական կյանքը հայրենիքին նվիրաբերած մարդու մասին: Դժբախտաբար, այս երեսունամյա Հայաստանում նման առաջնորդներ չկան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930