Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի առաջ հուլիսին «Վահան Հարությունյան եւ 10-ի գործով» որպես լրացուցիչ վկա հարցաքննվեց Անդրանիկ Քոչարյանը

Հունիս 18,2020 14:00

«Առավոտը»  2000թ. հուլիսի 1-ից 16-ը գրում էր

Հուլիսի 1-ին «Առավոտը»  տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Վահան Հարությունյան եւ 10-ի գործով» որպես  լրացուցիչ վկա հարցաքննվել է Անդրանիկ Քոչարյանը:

«Վկան ժխտեց ամբաստանյալ Վ.Հարությունյանի ասածը, թե 1998թ. հունվարի 29-ին ինքը հեռախոսով Վահան Հարությունյանին փոխանցել է Արծրուն Մարգարյանի խոսքը. «Արմեն Տեր-Սահակյանի ամառանոց մի գնա, քեզ կխփեն»: Ա. Քոչարյանն ասել էր, որ Վահան Հարությունյանն իրոք խնդրել է իրեն` հանդիպում կազմակերպել Վազգեն Սարգսյանի հետ:

Վահան Հարությունյանը հարցրեց` արդյո՞ք փոխանցել են, որ «հոկտեմբերի 27-ից հետո ցանկացել եմ հանդիպել ձեզ հետ», ինչին Քոչարյանը ժխտողական պատասխան տվեց:

Հուլիսի 4-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադարձել էր վարչական դատարաններ ունենալու անհրաժեշտության մասին: «Կան երկրներ, ուր այդ հարցը լուծված է, ուր կան վարչական պալատներ, պետական խորհուրդ կամ վարչական տրիբունալ», -ասել էր նա:

Հուլիսի 6-ին «Լույս» կենտրոնի տնօրեն, «Հոկտեմբերի 27-ի գործով» մեղադրյալ Նաիրի Բադալյանը պատմել էր, թե ինչպես են իրեն ձեռնաշղթաներով կապել երկաթե նստարանին,  վրան սառը ջուր լցրել, տասներկու օր ու գիշեր կանգնեցրել են պատի տակ՝ թույլ չտալով քնել կամ նույնիսկ նստել:

Շարունակվում էր կրթության եւ գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանի դեմ քրեական գործի դատաքննությունը:

95 դատական նիստ էր տեղի ունեցել հուլիս ամսվա դրությամբ: Նրան մեղադրանք էին առաջադրել յոթ դրվագով. բարդել էին երկու դպրոցի տնօրենների մեղքը` ավարտական վկայականներ էին վաճառել՝ օգտագործելով կրթահամալիրի մասնաճյուղերից մեկի կնիքը:

Դատարանում պարզվեց, որ ոչ մի վկայականի վրա չկա Ա. Բլեյանի կնիքը ու ստորագրությունը:

Ղարաբաղում Ս. Բաբայանի եւ մյուսների գործով` Ա.Ղուկասյանի դեմ մահափորձի,  նախաքննություն էր ընթանում:

Երբ նախորդ օրը մեր լրատվամիջոցը դիմել էր Ս. Բաբայանի պաշտպանին` Ժուդեքս Շաքարյանին (դատաքննությունից հետո ճանաչված փաստաբանը տեղափոխվեց Ֆրանսիա, մահացավ այնտեղ-Ռ.Մ.), պատասխանեց. «Ես հարցին չեմ պատասխանի: Ես խուսափում եմ ԼՀՂ իշխանություններից, նախաքննական մարմիններից: Վախենում եմ, որ ամեն առիթը օգտագործեն՝ մարդկանց հեռացնելու գործի քննությունից»:

Հուլիսի 7-ին հրդեհվել էր ՀՀ արդարադատության նախարարության տանիքը:

Հուլիսի 10-ին կսկսվի «Հոկտեմբերի 27-ի գործի» նյութերի ծանոթացման գործընթացը, որը կտեւի հիսուն աշխատանքային օր:

«Առավոտն»  անդրադարձել էր այդ ժամանակ աղմկահարույց դեպքերից մեկին: Խոսքը զինհոսպիտալից անհետացած, եւ ադրբեջանական տարածքում հայտնված Վահրամ Բաբայանի ճակատագրի մասին էր:

Բաբայանին բանակ էին զորակոչել: Հիվանդ տղային Գյումրիից օրեր հետո կանչել էին, հորը ասել, թե տար տղայիդ զննության: Տեղավորել էին հոգեբուժարանում, ապա հոսպիտալից հետո ուղարկել զինծառայության…

Նույն այդ օրը ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը դիմել էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովին, որ իր նկատմամբ «բույլ» հետապնդումներ են իրականացվում, ձերբակալել են ավազակային հարձակման մեղադրաքով եղբորորդուն` Արտյոմին:

Վահան Հովհաննիսյանն այս կապակցությամբ տեղեկացրել էր, որ պահանջել է ՆԳՆ ներկայացուցչից, որ. «Շինծու քաղաքական գործ չսարքվի»,  ամեն ինչ ընթանա օրենքի խստիվ պահպանմամբ, կալանքը, եթե հնարավոր է` փոխվի:

Հուլիսի 11-ին ԱԺ պահպանությունը եւ անցագրային ռեժիմն իրականացնող առաջին դասակի հրամանատար, կալանավորված Արթուր Հակոբյանի անունը շրջանառվեց մեկ անգամ եւս. կինը զավակ էր ունեցել: Իսկ նա մեղադրվում էր, որ առանց փաստաթղթի Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, Վռամ Գալստյանին անցաթուղթ տրամադրելու, ապա հրազենի ձայնը լսելուց հետո խուճապի մատնվելու,  որեւէ քայլ չձեռնարկելու ԱԺ պահակակետն ուժեղացնելու համար, ինչի հետեւանքով  Էդիկ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանյանը անարգել ինքնաձիգերով զինված մտել են ԱԺ տարածք:

Այս նույն օրերին 60 տուժած պատգամավորներին ուղարկվել էր այն որոշումների պատճենները, որոնցով դադարեցվել էին քրեական հետապնդումները` «Հոկտեմբերի 27-ի գործով» մի շարք մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին` Ալեքսան Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Մուշեղ Մովսեսյանի:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը Մասիսի փոխքաղաքապետի հայցի քննությունն էր լսում ընդդեմ քաղաքապետի, իսկ հաջորդ օրը «Մեկ» կահույքի սրահի նախկին տնօրենի սպանության գործն էր լսվելու:

Հուլիսը թեժ էր փաստաբանների նկատմամբ ոտնձգություններով:

Մի ժամանակահատված, երբ գործում էին երեք փաստաբանական միություններ, հինգ հարյուր փաստաբան ուներ արտոնագիր:

Արմեն Տեր-Սահակյանի գործով դատաքննության ժամանակ փորձ էր արվել խուզարկել փաստաբաններին: Տուժող Սուքիասյանի քույրերը հարձակվել էին կին փաստաբանների վրա, փաստաբան Սեդա Սաֆարյանը դիմել էր բուժօգնության:

Փաստաբանները հրաժարվել էին մասնակցել դատական նիստերին, դիմել էին Կենտրոնի ՆԳ բաժին, փաստաբաններից բացատրություն էին վերցրել, սակայն այդպես էլ քրեական գործ չէր հարուցվել:

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանն այն ժամանակվա ՀԿԳ քննիչ Ջոն Ֆարխոյանի աշխատասենյակում տուժողի կողմից ենթարկվել էր բռնության. վերջինը ձեռնափայտով հարվածել էր փաստաբանի գլխին:

Իսկ ամենաքննարկվողն այդ օրերին Սամվել Բաբայանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ պատահածն էր, որին անդրադարձել էր նաեւ մեր լրատվամիջոցը:

Նրան ԼՂՀ մեկնելուն պես տեղեկացրել էին, որ քննչական գործողություններ չեն կատարվում, չի կարող տեսակցել Ս. Բաբայանի հետ. «Փաստաբանի բուռն ցանկությունը՝ անպայման իրագործել պաշտպանություն, չընկալվեց համապատասխան մարմինների կողմից՝ ինչպես օրենքի պահանջ»: ՀՀ փաստաբանների միջազգային միության նախագահ, ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Տիգրան Ջանոյանը փաստել էր. «Հանրապետությունում տենդենց էր նկատվում փաստաբանական գործունեությունը ոչնչացնելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը եւ քննչական վարչությունն են այդպիսի քաղաքականություն վարում»:

Զինծառայողներ Ցոլակ Մելքոնյանը, Արտակ Ալիկյանը, Գրիգոր Մադիլյանը ինքնակամ լքելով զորամասը, կանգնեցնելով առաջին իսկ պատահած մեքենան, սպանել էին վարորդին, ուղեւորին, ապա ոստիկանության երկու աշխատակցի, պայմանագրային զինծառայողների: Իրավապահ մարմինները զբաղված էին նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Մեկուսարանի դահիճները» հրապարակմամբ անդրադարձել ենք մեկուսարաններում կատարվող խոշտանգումներին: Կալանավոր Հենրիկ Ենգիբարյանին զբոսանքի ժամանակ պարտադրել էին մերկանալ, այդ վիճակում կանգնել ձյան տակ, պետին` Մարտոյանին դատապարտել էին երկարատեւ ազատազրկման, Տաշիրի զինկոմիսար, փոխգնդապետ Արտուշ Ղազարյանին, երբ տարել էին մենախուց, ծեծի էին ենթարկել, պատճառել մարմնական վնասվածքներ, կապել ոտքերն ու ձեռքերը, հասցրել մահվան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930