«Առավոտ» օրաթերթի 29.05.2020 հրապարակումից հետո
Ցոլակ Խաչատրյանը «Առավոտին» երեկ փոխանցեց, որ հունիսի 15-ին հանդիպում է ունեցել ՀՀ կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ պրն Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են նրա կողմից բարձրաձայնվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները ՀՀ ՊՆ-ի կողմից չկատարելու փաստը եւ ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
«Հարկ եմ համարում ընդգծել այն փաստը, որ պրն Ղազարյանի կողմից դրսեւորվեց եւ ցուցաբերվեց շատ պարկեշտ եւ բարեհամբույր վերաբերմունք, պրն Ղազարյանի կողմից անգամ փորձ չի կատարվել կասկածի տակ դնել իմ արդարացի լինելու փաստը, ավելին` նա շատ ցավով էր արձանագրում ստեղծված իրավիճակը եւ լիարժեք կիսում էր իմ արդարացի վրդոմունքը եւ պահանջը: Մեր հանդիպման շրջանակներում հիմք ընդունելով առաջացած որոշակի ընթացակարգային խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, մասնավորոպես՝ 15 աշխատանքային օր, մենք եկանք այն համաձայնության, համաձայն որի՝ մինչեւ 2020 թվականի հուլիսի 10-ը ինձ պարտադիր կերպով կվճարվի իմ հասանելիք գումարը, իսկ այն դեպքում, եթե դա տեղի չունենա, ապա ես անորոշ ժամանակով որպես բողոքի ակցիա հացադուլ եւ նստացույց եմ անելու ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Հ.Գ. Ի հավելում նշեմ նաեւ, որ այն դեպքում, եթե ՀՀ կառավարությունը չկատարի ՀՀ օրենքի եւ ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները, ապա ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իրավունք եմ վերապահելու ինձ թե՛ իրավական եւ թե՛ բարոյական իմաստներով ՉԿԱՏԱՐԵԼ ՀՀ կառավարության որեւէ որոշման պահանջ»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.06.2020