Հարցազրույց Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի հետ
– Պարոն Ներսիսյան, պանդեմիայի թելադրանքով փակված սահմանների պատճառով Մոսկվայում էիք, հավանաբար մեկնել էիք հերթական բեմադրություն իրականացնելու կամ ձեր ղեկավարած թատրոնի ստեղծագործական հարցերով։ Վերադարձել եք, մեկ-երկու օր է՝ ինչ ավարտվել է ձեր 14-օրյա ինքնամեկուսացումը…
– Իսկապես ստեղծագործական հարցերով, բայց կարճ ժամանակով էի մեկնել Մոսկվա։ Սակայն վերադարձս ուշացավ սահմանների փակվելու պատճառով։ Ոչ մի րոպե չի դադարել աշխատանքս թատրոնի հետ, մշտապես հեռակապով շփման մեջ եմ եղել արտիստների հետ եւ ոչ միայն։ Օրինակ, բեմանկարիչ Արթուր Հարությունյանի հետ սկսել ենք նոր բեմադրության՝ Մոլիերի «Սկապենի արարքները» պիեսի աշխատանքները (մակետ, էսքիզ, դեկորներ)։ Կոլեկտիվիս հետ քննարկումներ ենք անցկացրել տարբեր նախագծերի շուրջ։ Ի դեպ, Մոսկվայում մայիսի 9-ին մասնակցել եմ ֆլեշ-մոբի՝ որպես ասմունքող, իսկ մեր թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը Պուշկինի ծննդյան օրը Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, ռուսական պետական թատրոնների արտիստների հետ մասնակցեց Արտասահմանյան ռուսական թատրոնների ասոցիացիայի կազմակերպած ֆլեշ-մոբին։ Ինչպես հայտնի է՝ այս օրերին բազմամարդ փորձեր չենք կարող անցկացնել, բայց երբ պարետի կողմից բնականոն ստեղծագործական կյանքի թույլտվություն իջեցվի, կսկսենք ժամանակակից լեհ ճանաչված դրամատուրգ մադամ Հովանեցի «Գարդենյա» պիեսի փորձերը՝ հրավիրյալ Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։ Այս ընթացքում պահպանելով անվտանգության կանոնները, օնլայն իրականացրինք Դոստոեւսկու «Աղքատ մարդիկ» պիեսը՝ Մանվել Խաչատրյանի ռեժիսուրայով…
– Ձեր թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացված ենք անդրադարձին ոչ միայն Դոստոեւսկու հայտնի ստեղծագործությանը, նաեւ գիտենք, որ մինչ պանդեմիան կայացել է ընթացիկ թատերաշրջանի վերջին պրեմիերան՝ Թումանյանի «Քաջ Նազարը», որին նախորդել էին Պուշկինի «Օնեգինը», Ռիչարդ Բայերի «Խառը զգացմունքները», Գասպարե Դորիի «Փղերի երկար ճանապարհը»…
Կարդացեք նաև
– Մտադիր էի սկսել Չեխովի «Բալենու այգին» պիեսի փորձերը, ինչը ժամանակավոր դրել եմ մի կողմ, որովհետեւ այդ ստեղծագործությունը պահանջում է դերասանական մեծ խմբի մասնակցություն։ Հենց որ արդեն լիարժեք փորձերի թույլտվություն ստանանք, անպայման կանդրադառնամ «Բալենու այգուն» եւ «Սկապենի արարքներին»։ Տեղեկացնեմ, որ վաղվանից կսկսենք ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ… գազաններ… հանգամանքներ…» պիեսի փորձերը։ Նշեմ, որ այս ստեղծագործությունը բաղկացած է կարճ տեսարաններից, որտեղ զբաղված է ընդամենը 2-3 դերասան։
Եթե լինի թույլտվություն, կարող ենք խաղալ բացօթյա ներկայացումներ հենց մեր թատրոնի բակում, ներկայացնելով այնպիսի բեմադրություններ, որոնց մասնակցում են փոքրաթիվ դերասաններ։
– Իսկ հնարավոր չէ՞ դիմել պարետին կամ նախարարին՝ բացօթյա ներկայացումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։
– Այս պահին նման առաջարկը տեղին չի լինի, քանի որ շատ են վարակման դեպքերը, այ, երբ թվերը կնվազեն, մենք անպայման այդ հարցով կզբաղվենք, մանավանդ որ Երեւանի կլիման թույլ է տալիս մինչեւ խոր աշուն դրսում միջոցառումներ իրականացնել։ Թեեւ, անկեղծ ասած՝ երազում ենք, թե երբ ենք վերադառնալու տրադիցիոն գործունեությանը։
– Ի դեպ, Մոսկվայում ինչպե՞ս եւ ե՞րբ են պատրաստվում թատրոնները վերադառնալ, ձեր խոսքերով՝ տրադիցիոն գործունեությանը։
– Մոսկվայում էլ թատրոնների մեծ մասը աշխատում է օնլայն ռեժիմով, ներկայացնելով իրենց խաղացանկային ներկայացումները, նաեւ օնլայն առաջարկում են ոչ բարդ նախագծեր, դերասանները հաճախ հանդես են գալիս որպես ասմունքող կամ հեքիաթասաց։ Բայց Մոսկվայի եւ որոշ ռեգիոնների թատրոնների հունիսի 9-ից թույլատրել են անցկացնել փորձեր։ Բոլորը հույսով են, որ սեպտեմբերից արդեն կվերաբացվեն թատրոնները, նույնիսկ մեկ-երկուսը արդեն իրենց ազդագրերն են փակցրել։ Բայց աշխարհի բոլոր թատրոնների համար՝ անկախ համաճարակով հիվանդացածների թվի նվազումից, բարդ է այդ ամենը պլանավորել։ Օրինակ, գերմանական որոշ վերաբացված թատրոններում դերասանները խաղում են պլաստիկ սաղավարտներով, իհարկե, հանդիսասրահում էլ պահպանվում է սոցիալական հեռավորություն։ Ինչ խոսք, դրանք պարտադրված քայլեր են, բայց ես լիահույս եմ, որ սեպտեմբերից կլինեն նորմալ պայմաններ։
– Հետաքրքիր է՝ Ամանորի տոներից հետո մեզ տված հարցազրույցում նշել էիք թատրոնի արտասահմանյան հյուրախաղերի մասին, ինչը, հասկանալի է՝ չեղարկվել են։
– Այո, մարտին պետք է մասնակցեինք Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնին, որը տեղափոխվել է հոկտեմբեր, այս ամիս արդեն պետք է լինեինք Բաթումում, որտեղ ընդգրկված էինք Միջազգային ամառային թատերական դպրոցի ներկայացումներում, դա էլ տեղափոխվել է օգոստոս եւ այլն։ Նշեմ, որ արտասահմանցի ճանաչված արվեստագետներ ու թատրոններ ցանկություն են հայտնել համագործակցել մեզ հետ, օրինակ՝ Գերմանիայի Վոլֆգանգ Բորհերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Մայնհարդ Ցանգերը ցանկություն է հայտնել մեզ մոտ բեմադրել Շիլլերի գործերից։ Կամ՝ ավարտվել են բանակցությունները Կալուգայի պետական դրամատիկական թատրոնի հետ, ինչն ակնկալում է փոխայցելություններ…
– Նման նախագծերը ենթադրում են ֆինանսական ոչ փոքր ծախսեր։
– Քանի որ թվարկածս երկու նախագծերը դրսի առաջարկ են, ապա գերմանացի ռեժիսորի հրավերի ծախսերը հավանաբար պետք է հոգա Գյոթեի ինստիտուտը, իսկ Կալուգայինը՝ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը։
Անդրադառնալով մեր աշխատանքներին, նշեմ, որ այս պահին Իրինա Հարությունյանի ռեժիսուրայով ընթանում են Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը» եւ Մանվել Խաչատրյանի՝ Մորոժեկի «Ամռան օր» պիեսի օնլայն փորձերը։
– Մենք էլ անդրադառնանք ձեր անձին՝ ինչպե՞ս հաղթահարեցիք ինքնամեկուսացումը…
– Երկու շաբաթվա ընթացքում կարդացի հին ու նոր, ծանոթ ու անծանոթ պիեսներ… Հիանալի էին աշխատում բոլոր օղակները, օրինակ՝ ոստիկանությունը հետեւում էր, որ ինձ չայցելեն կամ՝ օրական երկու անգամ զանգում էին եւ գրանցում ջերմությունս, հետաքրքրվում իմ ինքնազգացողությամբ։ Իսկ ինչ վերաբերում է սննդին, այն պատվիրել եմ։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.06.2020