Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի պատմական քայլը ՄԱԿ-ում՝ ընդդեմ Թուրքիայի

Հունիս 18,2020 12:00

Հունական կայքը հիշեցնում է, որ Թուրքիան «նախատեսում էր ներխուժել Հայաստան եւ Հունաստան»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածուն մեկն էր՝ Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրը: Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը օրեր առաջ քվեարկություն պահանջեցին: Համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արեւմտաեվրոպական երկրների խմբից:

«Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ», – օրեր առաջ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով NewArmenia լրատվական գործակալության հարցին, թե 193 երկրներից միայն երեքի պահանջով կիրականացվի,՞ արդյոք, քվեարկություն: «Եթե չեմ սխալվում, սա ՄԱԿ-ի պատմության ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության», – նշել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

«Մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլեւ մեր մի շարք միջազգային գործընկերներ: Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը եւ Հունաստանը, ավելին՝ Հայաստանի եւ Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները», – Արտգործնախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել էր Աննա Նաղդալյանը:

«Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման եւ անգամ արդարացման քաղաքականության մասին: Համատեղ նամակում Հայաստանը եւ Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները եւ վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին եւ հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին»,- նկատել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՄԱԿ ԳԱ նախագահը պաշտոնը զբաղեցնում է մեկ տարով, եւ փոխվում է ՄԱԿ անդամ-երկրների հինգ տարածաշրջանային խմբերի միջեւ ռոտացիայի սկզբունքով։ «Արեւմտյան Եվրոպա եւ մյուսներ» խումբը, որի մեջ մտնում է Թուրքիան, պետք է պաշտոնը զբաղեցնի 2020-2021թթ.։ Նախագահն ընտրվում է հավանության միջոցով՝ Գլխավոր ասամբլեայի համապատասխան նստաշրջանում: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆիզիկական հանդիպումների բացակայության պայմաններում ՄԱԿ-ը որոշել էր անցկացնել «լռության ընթացակարգ», որը առնվազն 72 ժամ է տրամադրում անդամ-պետություններին՝ բանաձեւի կամ որոշման նախագծին առարկելու համար: Հունաստանը, Կիպրոսը եւ Հայաստանը մերժել էին Թուրքիայի թեկնածությունը:

Բոզքիրն այժմ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր է երկրի խորհրդարանում։ Նրա ընտրվելու պարագայում Թուրքիան պատմության ընթացքում առաջին անգամ կստանձներ ՄԱԿ ԳԱ հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահությունը։ Սակայն ՄԱԿ անդամ երեք պետություններ` Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը, մերժեցին Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությունը՝ պահանջելով քվեարկություն անցկացնել, որի արդյունքում, ԳԱ-ն պարտավոր է լիարժեք քվեարկություն կազմակերպել՝ չնայած այն հանգամանքին, որ արեւմտաեվրոպական խմբին հաջողվել է համաձայնության գալ միակ թեկնածուի շուրջ։

Հունիսի 15-ին Greekcitytimes-ը՝ հղում անելով թուրքական T24 կայքին, հայտնեց, որ Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը արգելափակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցիչ, դիվանագետ, քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրի թեկնածությունը: Ըստ Greekcitytimes-ի՝ նման բան նախկինում երբեք չէր եղել եւ սա պատմական քայլ է:

Ուշագրավ է, որ Greekcitytimes-ը նույն օրը մի հոդված հրապարակեց այն մասին, որ՝ «Թուրքիան նախատեսում է ներխուժել Հունաստան եւ Հայաստան»: Պարբերականը նշել էր, որ Թուրքիան Հունաստան եւ Հայաստան ներխուժման ծրագիր ունի, բացահայտվել են «Nordic monitor»-ի կողմից ձեռք բերված գաղտնի փաստաթղթերը, համաձայն որոնց՝ Հունաստան ներխուժելու Թուրքիայի պլանը գոյություն ունի առնվազն 2014 թվականի հունիսից:

Սա նոր հոդված չէր: Դեռ անցյալ տարի նոյեմբերին տարածվեց Շվեդիայում գործող «Nordic monitor» կայքի հրապարակումն այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել:  Հրապարակման հեղինակ Աբդուլլահ Բոզքուրթը նշել էր, որ Թուրքիայի ռազմական ծրագրի մասին իրենք տեղեկացել են Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ին մակագրված եւ 2016թ. մայիսի 23-ով թվագրվող ներքին օգտագործման գաղտնի փաստաթղթից, որի պատճենը հայտնվել է իրենց տրամադրության տակ: Ըստ «Nordic monitor»-ի՝ այս գաղտնի փաստաթղթում նշվել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ի «ALTAY» ծածկագրով գործողությունների ծրագրից անհետացել է մի քանի էջ, որոնք վերաբերում են Հայաստանի դեմ ավիահարվածների՝ «OGUZTՆRK» օդային գործողության պլանին։

«Nordic monitor»-ի ձեռք բերած գաղտնի փաստաթղթի այն հատվածում, որը վերաբերում է Հայաստանի դեմ ռազմական գործողությանը, նշվել է, որ օդային գործողության ծրագիրը վերջնական տեսքի է բերվել 2001թ. հուլիսի 13-ին:

Տեղեկանքի մեջ նշվել է, որ գործողության պլանը դեռ ուժի մեջ է, իսկ օդային գործողությանը վերաբերող էջերի անհետացումը բացասական ազդեցություն չի ունենա «ALTAY» գաղտնագրով գործողությունների պլանի վրա: «Nordic monitor»-ի գործունեության մասին որոշ մանրամասներ «Region Monitor»-ի իրականացրած հետաքննության արդյունքում հայտնի դարձավ, որ «Nordic monitor» կայքը պատկանում է Շվեդիայում գրանցված «Nordic Research Monitoring Network» ոչ առեւտրային կազմակերպությանը: Այն համակարգում են թուրք լրագրողներ Աբդուլլահ Բոզքուրթը, Լեւենթ Քենեզը եւ անվտանգության հարցերով մասնագետ Մուրադ Չեթիները:

Նրանք երեքն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETՃ), այլ կերպ՝ Գյուլենական համայնքի անդամներ: Նրանցից Աբդուլլահ Բոզքուրթը գյուլենականներին պատկանող «Zaman» թերթի լրագրող է եղել, նույնը նաեւ Լենթ Քենեզը: Վերջինը նաեւ «Meydan» թերթի գլխավոր խմբագիրն է եղել: Կազմակերպության նպատակների մասին նշված է, որ այն միտված է բարձրացնել Եվրոպայում արմատական ծայրահեղականության միտումների մասին իրազեկվածությունը: Կայքի ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ աշխատանքներն առնչվում են մեծամասամբ Թուրքիային: Դրանք հիմնականում երկրի իշխանություններին ակնհայտ քննադատող հակաէրդողանական նյութեր են:

Հիշեցնենք, որ գյուլենականները եւ այդ համայնքի հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի ներկայիս իշխանությունների թիվ մեկ թշնամին են: Գյուլենը մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը համակարգելու եւ հրահանգելու մեջ: Հեղաշրջման փորձից հետո իշխանություններն ակտիվ պայքար սկսեցին գյուլենականների դեմ: Այդ պայքարի շրջանակներում փակվեցին նաեւ գյուլենական համայնքին պատկանող լրատվամիջոցները՝ այդ թվում նաեւ «Զաման» թերթը:

Թուրքիայի շուրջ վերջին օրերին իրադարձություններն արագ են զարգանում: Թուրք-հունական հարաբերությունների սրման ֆոնին՝ նոր անորոշություն ձեւավորվեց ռուս-թուրքական հարաբերություններում:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930