Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։
Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ շուրջ 200 ժամ տևողությամբ տեսաձայնագրությունների ուսումնասիրությունից հետո հանցագործին հայտնաբերել ու բերման էր ենթարկել։
Դատարանի որոշմամբ՝ հանցագործը կալանավորվել է։
Նշենք, որ քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: Վերջին տարիների մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող գրություններ են արվել:
Կարդացեք նաև
Այս թեմային հատուկ ռեպորտաժի տեսքով անդրադարձել է թուրքական «CNNTurk» լրատվականը։
Լրատվականը հայտնել է նաև մայիսի 23-ին Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման մասին, որի առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։
«Սադրիչ գործողությունների հաջորդ հասցեն եղավ Հրանտ Դինքի հիմնադրամը»,-հաղորդում է լրատվականը և շարունակում, որ մայիսի 27-ին և մայիսի 30-ին 2 անձ հիմնադրամին սպառնալից պարունակող էլեկտրոնային նամակներ են ուղարկել, որոնք նույնպես կալանավորվել էին։
Ռեպորտաժում փորձ է արվում ցույց տալ Թուրքիայի ոստիկանության՝ դեպքերին արագ արձագանքելու և հանցագործներին կարճ ժամանակում հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ գործադրվող «համառ» ջանքերը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատողները այն կարծիքին են, որ միևնույն ժամանակահատվածում կատարված սենսացիոն իրադարձությունների նպատակը երկրում մեծ քաոս առաջացնելն է, որը ղեկավարվում է մութ ուժերի կողմից։
Աղբյուր` Ermenihaber.am/cnnturk.com