«Դա ո՛չ պետական ո՛չ էլ ծառայողական գաղտնիք չէ, դրա հրապարակումն էլ չի առաջացնում քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը»,-ասաց փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջի գրառումը, որն առնչվում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում, հայտնելով իր կարծիքը երեկ ԱԱԾ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի արդյունքում ոստիկանների գործողություններից տուժեցին լրագրողները, նաեւ ոստիկաններից մեկի հայտարարությանը, թե դա իրենց ամբողջ ներուժը չէր, ասել է. «Ոստիկանական զորքերում կան 20 հազարից ավելի աշխատակիցներ եւ նույնիսկ 1 կամ 10 ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի, առնվազն ազնիվ չէ»:
Այս առնչությամբ Միքայել Նահապետյանը գրել էր. «Մի կես ժամ առաջ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պետական եւ ծառայողական գաղտնիք համարվող ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկություն բերանից թռցրեց: Մի կողմ թողնենք թե էդ տեղեկատվությունը ինչքանո՞վ պիտի գաղտնիք լիներ, այլ փաստենք, որ Ալենը էդ հարցազրույցի սկզբում ասում էր «Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, ես էլ խախտեմ պիտի պատասխան տամ»։ Ըստ Նահապետյանի, Քրեական օրենսգիրք, հոդված 306. 2.-ը՝ Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Փաստաբան Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ Հայաստանի հանրապետությունում գործում է պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքը, որը սահմանում է պետական եւ ծառայողական գաղտնիքի հասկացությունները. «Այս օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի հանրապետության անվտանգության համար»:
Կարդացեք նաև
Այսինքն՝ ըստ պարոն Սարգսյանի, որպեսզի ոստիկանության ներքին զորքերի ծառայողների թիվը համարվի պետական գաղտնիք այն պետք է կապ ունենա կա՛մ ռազմական բնագավառի հետ, որը բանակն է, եւ որը կապ չունի կա՛մ արտաքին հարաբերությունների հետ, որը նույնպես կապ չունի, քանի որ ներքին զորքերը հասարակական կարգի պահպանման գործառույթն է կատարում: «Տնտեսականի, գիտատեխնիկականի հետ էլ կապ չունի, ոչ էլ՝ հետախուզականի, որովհետեւ հետախուզականի գործն այլ երկրների ծրագրերը բացահայտելն է, որով մեր Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում՝ ոչ թե ներքին զորքերը, հակահետախուզական էլ չէ, որովհետեւ այս գործառույթն էլ է ԱԱԾ-ն իրականացնում: Օպերատիվ հետախուզական գործունեություն ոստիկանության որոշ ստորաբաժանումներ անում են, բայց ներքին զորքերը՝ ոչ, դրանք բացառապես հասարակական կարգ են պահպանում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա. «Ստացվում է, որ ներքին զորքերի ծառայողների թվաքանակի հայտնումը չի առնչվում նշյալ օրենքի 2-րդ հոդվածում թվարկված բնագավառների հետ: Այսինքն՝ պետական գաղտնիքի շրջանակների տիրույթում չէ: Դրա վերաբերյալ հայտնած տեղեկությունը այս օրենքի իմաստով, պետական գաղտնիք չի կարող լինել»:
Փաստաբանի խոսքով, օրենքի 2-րդ մասը ծառայողական գաղտնիքին է առնչվում. «Ծառայողական գաղտնիքի 1-ին մասով նշում է՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառի այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի հանրապետության անվտանգությանը, այդպիսի տեղեկությունները որպես կանոն պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը: Այսինքն՝ կրկին կապվում է նույն բնագավառների հետ: Ասում է, այդ նույն բնագավառների հետ կապված տեղեկությունները, որոնք պետական գաղտնիք չեն, բայց դրա մի մասն են: Այսինքն՝ այս հոդվածի հասկացության տակ չի մտնում, ոստիկանության զորքերը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ