Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ներողություն կխնդրեմ և խոսքերս հետ կվերցնեմ: Առհասարակ ի՞նչ իրավունք ունի պարետը կանոններ սահմանել». Ռուբեն Մելիքյան

Հունիս 17,2020 20:55

«Վերջերս մի փոքր հաճախ եմ այցելում ոստիկանության բաժիններ»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած  «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք՝ նրան վարչական ձերբակալության էին ենթարկել այն ժամանակ, երբ ինքը փորձել է ոստիկաններին տեղեկացնել, որ Ազգային ժողովի պատգամավորների ձերբակալություններն իրավաչափ չեն:

Նա նշեց, որ սա համակարգային երևույթ է կրում. իրենից բացի ևս երկու դեպք է գրանցվել: Խոսելով իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ ասաց. «Որքան էլ նրանք պնդեն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունն իրականացնում են կոնկրետ մարդիկ և նրանք են պատասխանատվություն կրում բոլորիս իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի, առողջության պահպանման իրավունքի համար»:

Խաղաղ հավաքների ազատության մասին խոսելով՝ ասաց, որ գտել էր 2015-ի ձայնագրություն, որտեղ մի մարդ, որը շատ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանին և ինքը ենթադրում է, որ նա Նիկոլ Փաշինյանն է, հայտարարում է հավաքների ազատության մասին օրենքն իր ձեռքին՝ 32-րդ հոդվածը մեջբերելով. «Կարծեմ Էլեկտրիկ Երևանի ժամանակ էր, որ հայտարարում էր՝ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը: Եվ շատ ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալ ենք, որ հեռավոր 2015-ին մեր այսօրվա մոտեցումն էր պաշտպանում: Ես այս երեսպաշտության վրա զարմացած եմ. նույն մարդիկ էին»:

Ռուբեն Մելիքյանը պնդեց՝ վերջին օրերի հավաքները խաղաղ էին, մարդիկ ֆանտաստիկ կարգապահություն էին պահպանում, հետևաբար, եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը:

Խոսելով ՀՀ պարետի որոշումների մասին՝ իրավապաշտպանն ասաց. «ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտեր կարող են կայացնել սահմանադրությամբ նախատեսված մարմինները: Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ներողություն կխնդրեմ և խոսքերս հետ կվերցնեմ: Առհասարակ ի՞նչ իրավունք ունի պարետը կանոններ սահմանել: Սկզբում կար հանդուրժողականության սպասում, հետո առաջացավ դժգոհություն և ցասում: Բայց այդ հարցը հիմա բարձրացնում ենք. ո՞վ է պարետը Սահմանադրությամբ, որ մի հատ էլ կանոններ սահմանի: Եվ այդ հարցը բարձրացվելու է իրավական ճանապարհով: Փորձել են մայիսին ինչ-որ ձևակերպումներ տալ. ի պաշտոնե է գործում վարչապետ և փոխվարչապետ, ուրեմն թող լինի վարչապետի և փոխվարչապետի որոշում: Այնքան ցածր գրագիտություն ունեին, որ ցանկացած նորմատիվ ակտի կողքին կարող էին գիծ դնել ու գրել «ա» կամ «ն»՝ անհատական կամ նորմատիվային: Բայց միայն վերջին օրերին են սկսել անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930