Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս իշխանություններն այլևս ի վիճակի չեն հասկանալու, ընկալելու, ըմբռնելու, օր առաջ պետք է տուն ուղարկել». Արծվիկ Մինասյան

Հունիս 17,2020 19:10

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի տպավորությամբ՝ երբ քննադատում, կարծիք ես հնչեցնում, իշխանության վարքագիծը միանգամից ոչ միայն մերժողական է դառնում, այլև պիտակավորում են: Ըստ նրա՝ դրա փոխարեն իշխանությունը պետք է քննարկի հնչեցրած այլընտրանքային կարծիքը, առաջարկությունը և լուծումներ փորձի առաջարկել:

Նրա համար անընդունելի է այն երևույթը, երբ քննադատողներին իշխանության ներկայացուցիչները պիտակավորում են, հետո փորձում գտնել մեղավորներ: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած  «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն  այս առիթով Արծվիկ Մինասյանն ասաց. «Մեղավորները դառնում նախկինները, կամ ժողովուրդն է մեղավոր դառնում, կամ տնտեսվարող սուբյեկտները կամ այն անձինք, ում տվել են օժանդակություն, հետո հետ վերցրել: Մինչդեռ հիմքերի հիմքն այն ծրագրերը, պատկերացումներն ու մոտեցումներն են, որոնք որպես սոցիալ-տնտեսական հակազդման միջոցառում պիտի իրականացվեին: Իսկ այդ միջոցառումները, որոնք մշակվել են և քարոզվել, ոչ միայն համարժեք չէին ստեղծված իրավիճակին, այլ ավելի են վատացնում իրավիճակը: Բացառությամբ մեկ-երկու ծրագրի, որոնք նպատակային և թիրախային գնացել են կոնկրետ սոցիալական խմբի, անձի աջակցության, մնացած բոլոր ծրագրերն անարդյունավետ են, և հանրային միջոցների փոշիացում էր»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ինչքան էլ արդեն ծախսես, արդյունավետություն չի ապահովելու:

Ըստ նրա՝ արտակարգ դրության երկարացումն անարդյունավետ էր, և դրա համար պետք է պատասխանատվության կանչվեն կոնկրետ մարդիկ, որ դա հետագայում պատճառ դառնա ավելի ճիշտ քաղաքականություն վարելու. «Մենք տեսնում ենք հասարակության ուշադրության անընդհատ շեղման գործողություններ, արտակարգ դրության երկարացում առանց կոնկրետ սոցիալ- տնտեսական, համավարակի դեմ պայքարի, բայց փոխարենը տեսնում ենք քաղաքական իրավունքների մասսայական ոտնահարում, քաղաքական բոլոր հնարավոր զարգացումների ոտնահարում, քաղաքական դաշտի ոչնչացում»:

Ամփոփելով Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե այս իշխանություններն այլևս ի վիճակի չեն հասկանալու, ընկալելու, ըմբռնելու, օր առաջ պետք է փոխվել նրանց, տուն ուղարկել, ձևավորել մի նոր, այնպիսի իշխանություն, որն ունակ է այս ամեն ինչը հասկանալ, ընկալել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930