Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորրորդ ամիսն է՝ արտակարգ դրության մեջ ենք, բայց կարանտին չկա. դա միայն քաղաքական նպատակով է». Հրանտ Բագրատյան

Հունիս 17,2020 18:15

«Հայաստանում այս պահին, իմ կարծիքով, երևի աշխարհում ամենասարսափելի իրավիճակն է»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած  «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ այս պահին ՀՀ-ում կա 250 հազար վարակված, իսկ վերջին երկու օրերին վարակվածների թիվն իջեցնում են, քանի որ թեստ չունեն. թեստ չեն անում: Նա ասաց, որ մեզնից վատ վիճակում գտնվող տասը երկիր կա՝ ԱՄՆ-ն, Քուվեյթը, Պերուն և այլն. մենք 176 երկրներից 166-ն ենք:

Խոսելով առանց ախտանիշ և կորոնավիրուսի դեմ բուժում չստացած անձանց մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ հիվանդությունը հետևանք է թողնում նրանց օրգանիզմի վրա. հետագայում կարող են հիվանդանալ շաքարային դիաբետով: Նա նշեց՝ այն երկրները, որոնք կորոնավիրուսի համար ոչինչ չեն արել. կարանտին չեն արել, դիմակ չեն պարտադրել, օրինակ՝ Բելառուսը, Բրազիլիան, Շվեդիան, նույնիսկ այդ երկրներում ավելի լավ է վիճակը, քան ՀՀ-ում ՝ բացառությամբ Շվեդիայում մահացության ցուցանիշի. «Միշտ եմ ասել, որ պետք է դիմակ կրենք, բայց սխալ ուղերձ է ուղարկում կառավարությունը, թե իբր դիմակ կրելու մեջ է խնդիրը: Նշածս երկրները, որոնք կարանտին չեն մտցրել, մեծ պատասխանատվություն են կրելու՝ Լուկաշենկոն, Շվեդիայի վարչապետը, Բրազիլիայի նախագահն, ԱՄՆ-նն էլ, նրանք դատվելու են: Իսկ ի՞նչ պետք է անել ՀՀ կառավարության հետ, որը չորրորդ ամիսն է՝ մեզ պահում է արտակարգ դրության մեջ, երբ պետք էր պահել մեկ ամիս և հստակ մտցնել կարանտինային միջոցառումներ, ինչպես արեցին Վրաստանը, Թուրքիան»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, այն, որ պարտադիր է դարձել անձնագրի և ID քարտի առկայությունը, այդ քարտերը ձեռքից ձեռք փոխանցելը եռապատկելու է վարակման հնարավորությունը: Դիմելով կառավարությանը՝ ասաց. «Ուզում եմ հարց տալ կառավարությանը՝ դուք պատկերացնում եք հաղթահարել այս ձևի համաճարակը առանց կարանտինի՞: Չորրորդ ամիսն է՝ արտակարգ դրության մեջ ենք, բայց կարանտին չկա, ինչի՞ համար է դա. միայն քաղաքական նպատակով, որ ելույթներ չլինեն համակարգի դեմ»:

Անդրադառնալով ընդհանրապես հեղափոխություն երևույթին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ եթե Հայաստանում նման բան եղել էլ է, ապա հեղափոխություններն անտանելի բան են, վայրենի ազգերին են բնորոշ, քանի որ նորմալ ազգերը գնում են էվոլյուցիոն զարգացման ճանապարհով: Նա իրավիճակը ՀՀ-ում նմանեցնում է Մուսոլինիի, Դուչեի շրջանի Իտալիայիան: Ըստ նրա՝ այս ամենն անպայման ավարտվելու է աղետով:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ՀՀ քաղաքացին պետք է իր հեռախոսով կարողանա իմանալ, թե վարակված անձինք որտեղ են բնակվում, որ զգուշանա. «Ընդամենը պետք էր արդեն ֆիքսված հիվանդներին ֆիքսել, թե ով, որտեղ է ապրում: Իմանանք, զգույշ լինենք. մենք չենք ուզում հիվանդանալ»:

Հետո էլ ասաց, որ ՀՀ կառավարությունից չի կարողանում թուղթ ստանալ, թե կորոնավիրուսից մահացած քանի մարդ է թաղվել: Նա նշեց, թե ինչ խորհուրդ է տվել կառավարությանը. «Սկզբից բարեկամաբար ասել եմ՝ ստեղծեք թաղման բյուրո և ինքներդ թաղեք բոլոր նրանց, որոնք կորոնավիրուսից են մահացել: Փաշինյանի մասին է խոսքը, դու դա չես անում, հետո բողոքում ես, որ թաղման ժամանակ վարակվեցին: Էբոլայի դեպքում ընտանիքից մեկ հոգի կարող էր գալ, տեսնել՝ ինչպես են թաղում իր հարազատին»:

Հրանտ Բագրատյանը իրավիճակի հետագա ընթացքի լավատեսական սցենարներ չունի: Նա այս առիթով ասաց. «Գերմանիան արդեն արգելում է մեզ, եթե վիզա ունենք, գնալ Գերմանիա և այլն: Դադարելու է զբոսաշրջությունը, տնտեսության այն ճյուղերը, որտեղ ունեինք առավելություն, համավարակի պայմաններում կդադարեն գոյություն ունենալ, էլ չեմ էլ ուզում երկարաձգել: Սպասում ենք լավագույն սցենարի դեպքում տնտեսության 14 տոկոսի անկման, վատագույն սցենարի դեպքում՝ այսօրվա վիճակով, 22 տոկոս անկում: Հիմնականում այն ճյուղերն են, որոնք կվնասեն բյուջեն, փոքր բիզնեսը, առանց այդ էլ դա չկար, հիմա դա չի էլ մնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930