Լրահոս
Օրվա լրահոսը

«Top 10 of the ministers նախարարը, պարո՛ն վարչապետ, բա չե՞ք իմացել, ինձ ու ձեզ դատի է տվել». Վարչապետը բարկացավ Ուրիխանյանի հարցից՝ «էս ի՞նչ խոսելու ձեւ է»

Հունիս 17,2020 18:05

«Միշտ մտածել եմ, որ ձեր իշխանության օրոք եւ պայմաններում չի կարող լինել իրավիճակ, երբ որեւէ պետական կառույցի պարտավորություն քաղաքացու նկատմամբ չիրականացվի, առավել եւս, որ որեւէ պետական կառույցի պարտավորություն որեւէ քաղաքացու նկատմամբ չիրականացվի, քաղաքացին դիմի դատարան, շահի, հետո կառույցը դիմի հաջորդ ատյանի դատարան, նորից պարտվի, հետո դիմի երկրորդ ատյան, նորից պարտվի, այնուհետեւ դիմի ՍԴ ու վերջապես արձակվի դատարանի օրինական վճիռ՝ ԴԱՀԿ-ի համար կատարողական թերթ արձակվի, բայց էլի դա տեղի չունենա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այս նախաբանով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետո մանրամասնեց խնդիրը:

Այս տարվա հունվարի 22-ին վերջնական վճիռ է կայացվել, որով ՊՆ-ն պարտավորվել է սոցիալական շարժման համահիմնադիր եւ պահեստազորի սպաների շահերի պաշտպանությունը համակարգող պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանին վճարել իրեն հասանելիք արձակուրդայինները, մինչ օրս չի կատարվել վճիռը:

Վարչապետի փոխարեն ամբիոնին մոտեցավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ կատարողական վարույթի ձգձգման պատճառը չգիտի, բայց ՊՆ փոխնախարարը պարզաբանել է, որ կառավարությունը որոշում է ընդունել վերաբաշխում կատարել, որը նախատեսված է հենց դատական ակտերից բխող ՊՆ-ի պարտականությունների հետ:

Ուրիխանյանը դժգոհեց ոչ թե պատասխանից, այլ՝ պատասխանողից. «Էս ճի՞շտ որոշում էր արդարադատության նախարարին բերել պատասխան տալու: Ասում եմ՝ հունվարի 22-ին առանց այդ էլ այն, ինչ պետությունը պետք է աներ՝ երկիր, հող, հայրենիք, մարդու կյանք, արյուն պահած սպայի նկատմամբ չի արվել, ի՞նչն է քննարկվում: Տվե՛ք էդ մարդու փողերը»:

Հետո Ուրիխանյանը հավելեց՝ «Top 10 of the ministers նախարարը, պարո՛ն վարչապետ, բա չե՞ք իմացել, ինձ ու ձեզ դատի է տվել»: Վարչապետը տեղից արձագանքեց. «Էս ի՞նչ խոսալու ձեւ է»: Ուրիխանյանը պատասխանեց. «Միտքս ավարտեմ, հետո ասեք, «1,9 մլրդ-ի հասնող պարտավորություններ չեն կատարվել» արտահայտության համար հայցադիմում եմ ստացել, այդ հայցադիմումով պահանջվում  է հերքել այս արտահայտությունը, մի շարք այլ արտահայտություններ: Ես այդ արտահայտությունը կարդացել եմ, պարոն վարչապետ, ձեր կողմից ինձ ուղարկված գրության մեջ: Հարց՝ տեղյա՞կ եք սրա մասին»:

Ի պատասխան՝ Բադասյանը խոսեց դեռ առաջին հարցի հետ կապված՝ ասելով, որ եթե հույս ուներ բոլոր կատարողական վարույթները պետք է անգիր իմանային, բնականաբար, նման բան չէր կարող լինել: «Հարցին սպառիչ պատասխանել ենք»,- ասաց նախարարն ու լքեց ամբիոնը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930