Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ գովելի է, որ մենք ԱՄՆ-ի հետ խորացնում ենք մեր հարաբերությունները՝ գտնելով տարբեր հարթակներ». Անի Սամսոնյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

Հունիս 17,2020 18:45

«ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Հայաստանը այս տարի հունիսի 12-ին միացել է պետքարտուղարության մի նախաձեռնության, որը կոչվում է Կրոնական ազատության միջազգային ալյանս: Ի՞նչ առաքելություն ունի այս հարթակը եւ ի՞նչ խնդիր է լուծում ու ինչպիսի՞ն են այս ալյանսում համագործակցության պայմանները», – այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այս հարցն ուղղեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Նախարարը պատասխանեց, որ կրոնական ազատությունների հարցն առանցքային է մեր արտաքին քաղաքականության համար՝ մարդու իրավունքների համատեքստում. «Կրոնական ազատությունների առումով մենք աշխատում ենք բազմաթիվ գործընկերների հետ: Այս հարթակը միավորում է որոշ երկրների, որոնք միասին աշխատում են այս թեմայի շուրջ՝ յուրաքանչյուրն իր գերակայություններով: Մենք ունենք մեր գերակայությունները: Թեման, որ խտրականության հետ առնչվում է` այն խոցելի խմբերից է, որի իրավունքները չհարգելու պատճառով կարող են ի հայտ գալ իրավիճակներ, որոնք զանգվածային խախտումների ու զանգծածային ոչնչացման հիմք կարող է լինել: Գիտեք, որ ցեղասպանության կանխարգելումը նույնպես մեզ համար էական հարց է:

Երկրորդը՝ մենք մի ժողովուրդ ենք, որն ունի բավական մեծ փորձ ապրելու, հարգելու կրոններ, ապրելու միասին տարբեր հասարակություններում, որտեղ ներկայացված են տարբեր կրոններ, մենք ունենք մեր սփյուռքը: Այս հարթակը հնարավորություն է ստեղծում աշխատել մեզ համար մեր բարեկամ երկրների հետ՝ առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը, տարբեր ծրագրերի, երկխոսության ամրապնդման տարբեր միջոցառումների: Մենք առաջնորդվելու ենք մեր գերակայություններով ու նրանով, որ սա առավել նպաստավոր կարող է լինել աշխատելու մեր գործընկերների հետ, որոնք նույնպես ալյանսի անդամ են»:

Սամսոնյանն արձագանքեց. «Շատ գովելի է, որ մենք ԱՄՆ-ի հետ խորացնում ենք մեր հարաբերությունները՝ գտնելով տարբեր հարթակներ ու հատկապես այնպիսի էական թեմաների շուրջ, ինչպիսին են ազգային փոքրամասնություններն ու ցեղասպանության կանխարգելումը: Բայց կան նաեւ մտահոգություններ, որ այս հարթակը կարող է դառնալ նաեւ հակաչինական հարթակ ու դրա մասին են վկայում տարբեր հայտարարություններ: Մտահոգություն է առաջանում, որ սա կարող է վնաս հասցնել հայ-չինական հարաբերություններին»:

Նախարարը փարատեց մտահոգությունները՝ ասելով, որ դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ էլ չկա, յուրաքանչյուր պետություն իր ծրագրերն է ներկայացնում, առաջարկում մեխանիզմներ՝ դրանց իրագործման համար. «Հայաստանի կարեւորագույն հիմնական սկզբունքներից է արտաքին քաղաքականության մեջ այն, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ երբեք չենք անի դա այլ գործընկերոջ հաշվին: Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր համագործակցությանը որեւէ այլ գործընկերոջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930