Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հրազենի վնասվածքից մարդու մայկան արյունատված չլինի». ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանի կինը՝ վկա Տիգրան Մանուկյանին

Հունիս 17,2020 17:54

«Դուք ասում եք՝ վիրակապով նստած է եղել. դուք պատկերացնո՞ւմ եք, որ հրազենի վնասվածքից մարդու մայկան արյունոտված չլինի: Դուք Գագիկին որ տեսաք վիրավոր՝ ասացի՞ք մայկան բարձրացրու տեսնեմ՝ ուրիշ վիրավորում կա՞, թե՞ չէ»,- այս հարցերն այսօր «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ վկա Տիգրան Մանուկյանին ուղղեց զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը:

Հիշեցնենք՝ դատարանում շարունակվում է վկաների հարցաքննությունը: Այսօր դատարանը լսեց «Սասնա ծռերի» մայր գործից անջատված մասով ամբաստանյալ Տիգրան Մանուկյանին:

«Ոչ»,- եղավ վկայի պատասխանը: Զոհված ոստիկանի կինը շարունակեց. «Բա ինչպե՞ս եք հարյուր տոկոս պնդում, որ ինքը լավ է եղել, ոչ մի ուրիշ վիրավորում չի ստացել, փորի վնասվածքն էլ ձեզ համար հայտնի չէր»:

«Որովհետեւ, այդ վայրկյանների ընթացքում, որ ես իրեն տեսել եմ՝ քայլեց, գնաց ու նստեց թաղտին՝ շատ նորմալ, առողջ վիճակում էր, կարելի ա ասել»,- պատասխանեց վկան:

«Ինքը ֆիզիկապես շատ պատրաստված տղամարդ էր, հնարավոր ա, բայց, որ դուք շեշտում եք եւ հայտարարություն եք անում, որ փորի վնասվածքը անհնար էր… ես չգիտեմ՝ որտեղի՞ց եւ ինչի՞ց եք պնդում»,- հակադարձեց Գագիկ Մկրտչյանի կինը՝ պնդելով, որ ամուսինն իրեն ասել էր, որ վնասվածքն ավելի վաղ էր ստացել եւ իրեն դրսում են վիրակապել, ու ինքն ամուսնուն է հավատում:

Վկան պնդեց՝ եթե Գագիկ Մկրտչյանը որովայնից վնասված լիներ, ինքը անպայման տեսած կլիներ, եւ որովայնից վիրավոր մարդը երբեք չի կարող իր ոտքով գնալ ու նստել թաղտին:

Գագիկ Մկրտչյանի կինը վրդովվեց. ասաց՝ շատ է ափսոսում այն խաչը, որը վկան իր վզին գցել ու նստել է, քանի որ ուղղորդված է հարցերին պատասխանում, պետության վրա են հարձակվել, մարդկանց վրա են հարձակվել, սպանություններ են եղել եւ սուտ ցուցմունք է տալիս:

Այդ ընթացքում ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը ինչ-որ հայտարարություն արեց տեղից: Դա բարկացրեց զոհված ոստիկանի կնոջը. նա բարկացած բղավելով սկսեց նախատել ամբաստանյալին: Դատարանը երկուսի նկատմամբ էլ սանկցիա կիրառեց. Կյուրեղյանին տասը, իսկ զոհված ոստիկանի կնոջը մեկ ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:

Իսկ դատավորի հարցին ի պատասխան՝ վկա Տիգրան Մանուկյանն ասաց, որ Արմեն Լամբարյանին չի տեսել գնդի զինանոցի շինությունում: Նկատենք, որ այս մասով, գործի նյութերում հակասական տեղեկություններ են առկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930