Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տեսնենք երկխոսությունը Ադրբեջանի գործող վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան

Հունիս 17,2020 17:36

«Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որը մեր կառավարությունը 2018-ից հետո դրել է ղարաբաղյան հարցի եւ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա: Դա տեսանելի է միջազգային հանրության համար: Իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է արդեն շատ երկար ժամանակ, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով իմքայլական Տաթեւիկ Հայրապետյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, այդ ռազմատենչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ գործընթացն ընկալեն վախերի պրիզմայով. «Միայն այդ պարագայում կարող է այդ քաղաքականությունը լինել արդյունավետ: Բայց, քանի որ հայ ժողովուրդը ընդհանրապես վախերի պրիզմայով, առավել եւս՝ Արցախի հարցն ընկալելու սովորություն, մշակույթ չունի, ընդհանրապես այդպիսի բան բացառվում է, բացառված է, որ ՀՀ-ին բանակցային բովանդակություն պարտադրվի որեւէ սպառնալիքի ներքո, ու քանի որ այս հանգամանքների բերումով այդ ռազմաշունչ տրամաբանությունն ինքը արդյունավետ չէ, հայտնվում է տեղապտույտի վիճակի մեջ: Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու՝ ինչո՞ւ արդյունքի չեն հասնում: Այդ օդում կախված հարցին պատասխանելու համար Ադրբեջանը եւս մի աստիճանով բարձրացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը, որպեսզի ավելի մեծ տպավորություն գործի սեփական ժողովրդի համար, բայց տեղապտույտը սրանով ավելի է խորանում: Իմ կոչը Ադրբեջանի նախագահին շարունակում է մնալ նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել ու ի  վերջո հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձեւի հետ, որ Արցախի հարցի որեւէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի ու Հայաստանի ժողովրդի համար, ուրիշ բանաձեւ այստեղ չկա»:

Վարչապետը հավելեց. «Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ դիսկոմֆորտ կարող էր ապրել այն բանից, որ ես, օրինակ, վարչապետի կարգավիճակով, չէի խորշում խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ: Կարծում եմ, ռազմական հռետորաբանության աստիճանի բարձրացման պատճառներից մեկը նաեւ այդ ներքին վախերն են, որ ժամանակակից տեխնոլոգիաների, կոմունիկացիոն գծերի առկայության պայմաններում դա շատ հետաքրքիր հնարավորություն է՝ խոսել ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ: Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար լինել ոչ միայն հենց բուն ազգային անվտանգության հարց, կարող է լինել ունեցվածքի, իշխանության պահպանության հարց: Իսկ ժողովրդի համար դա շատ ավելի լայն կոնտեքստ ունի ու ես երբեք  չեմ բացառել, որ եթե տեսնենք երկխոսությունը Ադրբեջանի գործող վերնախավի հետ չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ, բաց, անկեղծ: Առնվազն այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930