Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անեն արտերկրում գտնվող թոշակառուները, որոնք չեն կարողանում գալ Հայաստան՝ թոշակը ստանալու

Հունիս 17,2020 17:14

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց արտերկրում գտնվող այն կենսաթոշակառուների խնդրից, որոնք սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել գալ, իսկ կառավարությունը ժամկետ է դրել, որ 12 ամիս բանկ չներկայանալու դեպքում զրկվելու են թոշակից: Երբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին այս մասին հարց է ուղղել, վերջինս պատասխանել է, որ 12 ամսվա ընթացքում պարտավոր են գալ: Մինչդեռ մարդիկ կան՝ այդ ժամկետը լրանում է ու ոչ իրենց մեղքով: ՀՀ քաղաքացիների համար բանկ ներկայանալու ժամկետները երկարաձգվել են, իսկ արտերկրում գտնվողների համար նման արտոնյալ ժամկետ չկա, ինչո՞ւ նման խտրական մոտեցում՝ թոշակառուների միջեւ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Համաճարակով պայմանավորված՝ մենք կառավարության որոշմամբ փոփոխություններ ենք առաջարկել: Ձեր նշած հարցը վերաբերում է օրենքի պահանջին, եթե տարօրինակ է ձեզ համար իմ պատասխանը, ինձ համար առավել տարօրինակ է ձեր հարցը, որովհետեւ դա օրենքի դրույթ է: Օրենքով է պայմանավորված, որ ՀՀ-ում պետք է գտնվի քաղաքացին, որպեսզի կարողանա ստանալ կենսաթոշակը»:

Բաթոյանն ասաց, որ երբ օրենքում փոփոխություն կլինի, նոր կարգավորումներ կլինեն. «Հիմա ՀՀ քաղաքացիները կենսաթոշակ ստանալու համար պիտի առնվազն մեկ տարի գտնվեն ՀՀ-ում»:

Մանե Թանդիլյանը հակադարձեց՝ որոշների համար երկարաձգվել է ժամկետը, իսկ որոշներն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ չեն կարողանում գալ Հայաստան ու ներկայանալ բանկ:

Բաթոյանն էլ արձագանքեց, որ որոշ դեպքերում դա կառավարության որոշմամբ են անում: Նա խոստացավ, որ եթե երկարաժամկետ լուծման կարիք կլինի՝ կքննարկեն, ամեն դեպքում այս պահին նախորդ 12 ամիսների կենսաթոշակը, անկախ այն բանից, թե երբ կներկայանան, կրող են ստանալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930