Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Այս իշխանություններն ունենալով լեգիտիմություն՝ ավելի վստահաբար են խախտումներ կատարում»

Հունիս 17,2020 17:09

Ի վերջո, ո՞վ է ում մասնագիտական աշխատանքը խոչընդոտում՝ ոստիկանները՝ լրագրողների, թե՞ հակառակը: «Մեդիա կենտրոնի» այս թեմայով առցանց քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ հստակ չի հիշում, թե որ ալիքով է հետեւել ԱԱԾ-ի մոտ աշխատող լրագրողներին եւ երեկվա իրադարձություններին, բայց պարզորոշ լսել է «լրագրողներին պահեք» հրահանգը, եւ փաստում է, որ ամեն դեպքում, երեւում էր, որ լրագրողները որպես տեղեկատվություն տարածողներ, խանգարում էին ոստիկաններին:

Պարոն Մելիքյանն ասում է, որ, ըստ էության, լրագրողները չկարողացան ամբողջությամբ կատարել իրենց պարտականությունները, սակայն այս ամենում մի կարեւոր վերապահում պետք է անել՝ դա համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններն են: Նրա խոսքով, միջադեպից հետո համապատասխան հետեւություն պետք է անեն եւ իրավապահները, եւ լրատվամիջոցների ղեկավարները, որոնք իրենց լրագրողներին ուղարկում են նման թեժ կետեր, եւ հանրությունը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, հիմնականը, ինչով պայմանավորված էր երեկվա միջադեպը, իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողություններ էին, իսկ իրավիճակը պայմանավորված էր համավարակով: Նրա ձեւակերպմամբ, իրավապահ մարմինները պետք է վերլուծեն գործողությունները, ծառայողական քննություն անցկացնեն, տեսնեն, թե ի՞նչ սխալներ են արել. «Չեմ տեսնում որեւէ հիմք, թե ինչու պետք է իրավապահները խոչընդոտեին եւ բռնություն գործադրեին լրագրողների հանդեպ: Իրենք մեկ թույլ էին տալիս, որ մարդկային կուտակումներ լինեին, մեկ էլ ստացվում էր հրահանգ՝ ակտիվ եւ վճռական գործողություններ անցկացնել, իսկ հակասող հրահանգները պետք է բերեին նման գործողությունների»:

Բորիս Նավասարդյանն ընդգծեց, որ ոստիկանության գործողությունները երբեք չեն ենթարկվում ինքնաքննադատական վերաբերմունքի՝ հենց համակարգի ներսում, եւ դրան նպաստել է այն, որ կասեցվել են բոլոր քրեական գործերը, որոնք կապված էին ուժային կառույցների գործողությունների հետ, եթե ժամանակին չկասեցվեին այդ գործերը, համապատասխան մարդիկ պատասխանատվության ենթարկվեին, պատկերն այլ կլիներ:

«Նախադեպեր չունենք, որ իրավապահները պատիժների ենթարկված լինեն եւ վերագնահատեն իրենց կատարած սխալները»,- ասաց ԵՄԱ նախագահը

Փաստաբան Արա Ղազարյանը չի կարծում, թե ոստիկանության առումով ինչ-որ փոփոխություն կլինի. «2015-16 թթ իրավախախտումների վերաբերյալ հարուցված գործերը ավարտին չեն հասել, չորս-հինգ տարի է անցել, մեղավորները չեն պատժվել, չեմ կարծում, որ դրանց հիման վրա հրահանգներ, ուսումնական զրույցներ են պատրաստվել ոստիկանների համար: Եթե այս միջադեպի հետ կապված էլ իրավական գործընթացներ սկսվեն, նորից չորս-հինգ տարի կձգվի եւ ոչինչ չի փոխվի…Կարծում եմ, որ այս իշխանություններն ունենալով լեգիտիմություն՝ ավելի վստահաբար են խախտումներ կատարում, հասկանալով, որ ունեն մեծամասնության լեգիտիմ քվեն, ուրեմն իրենք ճիշտ են, այդպիսի կարծիք կա քաղաքական ղեկավարության մոտ»:

Աշոտ Մելիքյանի համոզմամբ, պետք է հաշվի առնել, որ ոստիկանությունը նույն կառույցն է, որտեղ հեղափոխություն չի եղել, բարեփոխումներն էլ ակնառու չեն: Նրա խոսքով. «Ոստիկանը, ի դեմս լրագրողների, ի դեմս հանրության՝ հակառակորդ է տեսնում եւ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերում: Եթե «Էլեկտրիկ Երեւանի» եւ Սարի թաղի գործերը քննվեին, առաջընթաց լիներ, ամեն ինչ այլ կլիներ, մինչդեռ մինչեւ հիմա մեղադրյալ չի հայտնվել, եւ չի էլ հայտնվելու, ինչքան ավելի շատ է ժամանակն անցնում, այնքան ավելի փոքր են շանսերը՝ բացահայտելու գործը, մանավանդ որ կա ցանկություն կոծկելու»:

Հարցին՝ արդյոք վարչապետի՝ ոստիկաններին գոտեպնդող խոսքը կարո՞ղ էր ուղերձ լինել ոստիկաններին՝ իրենց գործողություններում չկաշկանդվելու առումով, Բորիս Նավասարդյանն առաջարկեց, որ եւ մեր երկրի ղեկավարությունը եւ հասարակությունը բազմակողմանի վերլուծի այն, ինչ տեղի է ունենում եւ այն, ինչ տեղի է ունեցել երեկ. «Խոսքը ոչ միայն իրավապահների, այլ հասարակության եւ ԶԼՄ-ների մասին է: Ես հարցեր ունեմ այն մարդկանց, որոնք կուտակվում էին ԱԱԾ-ի, Գագիկ Ծառուկյանի տան դիմաց: Միեւնույն է՝ առանց իրենց հավաքվելու էլ Գագիկ Ծառուկյանը գալու էր ԱԱԾ, վերադառնալու էր տուն: Քրեական գործի վերաբերյալ բողոքի հստակ ձեւեր կան, կան հնարավորություններ՝ ասելիքը տեղ հասցնելու, բազմաթիվ ԶԼՄ-ներ մեծ հաճույքով կներկայացնեին իրենց մոտեցումները: Ինչ վերաբերվում է ԶԼՄ-ներին, ի՞նչ կարիք կար հայտնվել անմիջապես ԱԱԾ-ից դուրս եկող ԲՀԿ-ականների մոտ: Միեւնույն է՝ իրենք էին շահագրգիռ, որ իրենց տեսակետները լուսաբանվեն, ինչ կարիք կար կուտակումներ ստեղծելու, ինչին նպաստում էին նաեւ ԶԼՄ-ները:

Հստակ հրահանգներ պետք է լինեին ԶԼՄ-ների ղեկավարների կողմից, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում, որովհետեւ լրագրողը վտանգում է ոչ միայն իր, այլ իր ընտանիքի, շրջապատի առողջությունը: Ես պահանջում եմ, որ մեծ ուշադրությամբ ուսումնասիրվեն ոստիկանության գործողությունների վերաբերյալ բոլոր տեսանյութերը: Տարօրինակ է, որ մեզ մոտ բերման են ենթարկում միայնակ բողոքի ակցիա իրականացնող, կոնկրետ պահանջով հանդես եկող Ռուբեն Մելիքյանին, սակայն Գագիկ Ծառուկյանի տան մոտ հարյուրավոր մարդիկ էին կուտակվել, եւ որեւէ մեկը ոչինչ չէր ձեռնարկում»:

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպի հետ կապված՝ Արա Ղազարյանը նշեց, որ երեկվա դեպքերի առանձնահատկությունն այն էր, որ այստեղ պատասխանատվության եւ իրավունքի տարրը ավելի շատ է. «Այո, քաղաքական նշանակության դեպքեր էին տեղի ունենում, բայց արտակարգ դրության իրավիճակում պատասխանատու լրատվության գործոնը ավելի է մեծանում: Այդտեղ պետք էր համաչափություն դրսեւորել, եւ լրագրողները պարտադիր չէ, որ էպիկենտրոնում լինեին: Իսկ եթե լրագրողները հայտնվել են էպիկենտրոնում, դա իրենց որոշումն էր: Լրատվություն տալու նպատակը կարող է իրենց համար պաշտպանություն չհանդիսանալ:

Նույնն էլ վերաբերվում է ոստիկաններին, արդյոք իրենք նախապես պլանավորե՞լ էին օպերացիան, թե՞ ինքնաբուխ ուժ գործադրվեց, լրագրողներին պահանջ ներկայացվե՞լ էր տարածքից հեռանալու, եթե ոչ՝ ինչու: Ընդհանուր առմամբ բոլորը ավելի քիչ պաշտպանության հնարավորություն ունեն, քանի 2015-16 թթ, քանի որ արտակարգ դրություն է»:

Արձագանք եղավ նաեւ ԱԱԾ-ի հայտարարությանը եւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսակցությունները լսելու փաստին: Աշոտ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ առհասարակ անձնական կյանքի, մարդկանց հետ շփվելու գաղտնիությունը մեզանում վտանգված է. «Ամեն անգամ, երբ դրա մասին խոսք է գնում, վկայակոչվում է հանրային շահը: Այնուամենայնիվ մարդու իրավունքի պաշտպանությունը շատ հաճախ ոտնահարվում է, ինչը մտահոգիչ է: Գտնվելով միայն վարչապետի ազդեցության տակ, ուժայինները հաճախ անցնում են այն սահմանը, որը նախատեսվում է օրենքով»;

Բորիս Նավասարդյանն ասաց, որ ենթադրաբար իրեն էլ են լսում, թեեւ առանձնապես գաղտնիքներ չունի որեւէ մեկից, անգամ ԱԱԾ-ից: Ինչ վերաբերում է բուն խնդրին, երբ պետությունը գաղտնալսել է թույլ տալիս, ոչ միայն ԱԱԾ-ին, այլեւ ոստիկանությանը, ուրեմն պետք է ստեղծի մեխանիզմներ, որ այդ տեղեկությունները չեն տարածվի, պատշաճ կերպով որոշ ժամանակ անց կհեռացվեն եւ կոչնչացվեն: «Այդ մեխանիզմները չեն ստեղծվել, եւ երբ իրավապահ մարմինների համար նոր հնարավորություններ են ավելացվում, մենք ավելի անպաշտպան ենք դառնում, քան նախկինում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930