Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, չորեքշաբթի քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց, եթե դատարանը գրավ կիրառի, ապա ի՞նչ սահմաններում կարող է կիրառել, և ո՞վ է այն վճարելու։
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Այս քրեական գործում կան նյութեր, որոնք վերաբերում են իմ ունեցվածքին։ Քրեական գործից նաև երևում է, թե ինչպիսի ջանքեր են գործադրվել համապատասխան մարմնի կողմից աշխարհով մեկ իմ գույքը փնտրելու ուղղությամբ։ Չկա։ Այն, ինչ ներկայացված է այս քրեական գործում, դա այն է, ինչին ես տիրապետում եմ։ Եվ այդ ամենը այսօր կալանքի տակ է»։
Նա հայտնեց, որ գրավը վճարելու են ընտանիքի անդամները․ «Եթե կալանքի տակ չլիներ իմ գույքը և հաշիվներս, ապա այստեղ ընդհանրապես խնդիր չէր առաջանա գրավի մասին խոսելիս։ Հիմա մարդկանց դիմելը, նույնիսկ ընկերներին դիմելը, ի՞նչ ասեմ՝ ես կյանքում պարտքեր չեմ արել և կյանքում պարտքեր չեմ անի»։
Կարդացեք նաև
Դատավորը հետաքրքրվեց, իսկ կպարտավորեցնի՞ իրեն՝ վարքագծի առումով։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Հարգելի՛ դատարան, եթե իմ տղան իր բնակարանը գրավադրի բանկում, և այդ գումարով ես գրավը փակեմ, կամ ինչ-որ այլ գույք։ Ես իմ տղայի նկատմամբ, իմ հարսի նկատմամբ, իմ թոռնիկների նկատմամբ, որոնք այնտեղ ծնվել և մեծացել են, իմ պատասխանատվության զգացումը ինչպիսի՞ն պետք է լինի։ Սրանից այն կողմ պատասխանատվության զգացում հայրիկի համար, նույնիսկ մի տարիք է գալիս, որ ավելի շատ թոռներիդ մասին ես մտածում, քան նույնիսկ զավակներիդ մասին։ Սրանից այն կողմ էլ ի՞նչ պետք է լինի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ