Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակներն ու մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը:
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:
Նշված միջոցառումների և առհասարակ աշխատանքային այցի ամբողջ ընթացքում, ըստ ուղղությունների, համապատասխան զինվորական պաշտոնյաների կողմից ներկայացվել են զեկույցներ, տարածաշրջանում առկա ուժերի հարաբերակցության, օպերատիվ-մարտավարական իրավիճակի հավանական զարգացումների, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն