Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացել ենք ապստամբության, մանրամասները չեն հետաքրքրել». Տիգրան Մանուկյան

Հունիս 17,2020 16:48

«Սասնա ծռերի» մայր գործից անջատված մասով ամբաստանյալ Տիգրան Մանուկյանն այսօր դատարանում հարցաքննվեց` պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությամբ:

Նա պատմեց, որ ՊՊԾ գնդի զինանոցի շենք մտնելիս այլ ոստիկանների չի տեսել, մտնելուց անմիջապես հետո էլ չի տեսել: Ասաց, որ մտնելիս կրակոցներ հնչել են, բայց ուշադրություն չի դարձրել, թե ովքե՞ր են կրակում: «Մի քանի մենահատ կրակոցներ են հնչել»,-ասաց նա`հավելելով, որ շինության ներսում կրակոց չի լսել: Տիգրան Մանուկյանն ասաց, որ ինքը միայն մի պահ է եղել շենքի միջանցքում, այլ սենյակներում չի եղել: Բայց ՊՊԾ գնդում հերթապահող ոստիկաններ կային, նրանց հիշում է` անակնկալի եկած վիճակում, չի հիշում`ձեռքներին զենք տեսե՞լ է, թե՞ ոչ:

«Գագիկ Մկրտչյանին տեսել եմ շատ կարճ, գնդի զինանոցի շենքի միջանցքում, ընդհանուր նորմալ վիճակում էր, թեւն էր կապած, մի փոքր զրուցեցինք, օգնեցինք` նստեց թախտին, հարցրեցինք առողջական վիճակի մասին, ասաց`նորմալ է»,- պատմեց վկան:

Տիգրան Մանուկյանն ասաց, որ ինքը համարյա միշտ եղել է պահակակետում:

Արմեն Բիլյանին վերջին անգամ ինքը տեսել է զինանոցի շենք մտնելիս, զինանոցի շենքում Արմեն Բիլյանին ընդհանրապես չի տեսել. «Նա չի եղել շենքում»: Բիլյանին վկան պարբերաբար հանդիպել է պահակակետի մոտ, քանի որ ինքը այնտեղ է հերթապահել: Վկան հիշում է, որ առաջին օրն Արմեն Բիլյանի մոտ զենք չկար. «Ես իր ձեռքին զենք չեմ տեսել գունդ մտնելուց»:

Շենքի ներսում տեսել է Արայիկ Խանդոյանին. «Միջանցքում եմ տեսել, տղաներից 5-6 հոգով էինք` Արթուրը, Վարուժը, ես… ընդհանուր շատ խառը վիճակ էր, կոնկրետ էս պահին չեմ կենտրոնանում որեւէ մեկի մոտ զենք կա՞ր, թե՞ չկար… Հետո, երբ դեպքը եղել էր, տղաներից Գեւորգը պատմեց, որ օգնել է Գագիկ Մկրտչյանին, քննարկում չի եղել, թե ոնց վիրավորվեց: Ես լսել եմ ընդհանուր կրակոցներ, կոնկրետ չեմ կարող ասել կրակոցների ուղղությունները»: Վկան պնդեց, որ չի եղել կամ ինքը չի տեսել դրվագ, որ ինչ-որ մեկը Գագիկ Մկրտչյանին սպառնա`զենքը ձեռքին:

Նա նաեւ մանրամասնեց, որ կրակոցների իմաստը իրենց կողմից ոչ թե ոստիկաններին սպանելն է եղել, այլ որ շատ ժողովուրդ դուրս գա`ապստամբության. «Եղել է ապստամբություն, գնացել ենք ապստամբության, մանրամասները չեն հետաքրքրել»,-հայտարարեց վկան`հավելելով, որ իր մոտ եղել է զենք, բայց իր համար էական չէ մեքենայի մակնիշը, որով մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք, ուստի ուշադիր չի եղել, ինչպես ուշադիր չի եղել, թե գործի նյութերով հաստատված 14 միավոր զենքը խմբի անդամներից ում մոտ է եղել:

Իսկ Արթուր Վանոյանի «դրվագի» հետ կապված վկան ներկա չի եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930