Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղ հավաքների իրավունքն արգելափակելով՝ սկսվեցին քաղաքական ռեպրեսիաներ». Ավետիք Իշխանյան

Հունիս 17,2020 15:51

«Խաղաղ հավաքների իրավունքն արգելափակելով՝ սկսվեցին քաղաքական ռեպրեսիաներ: Դուրս է գալիս, որ մենք կարող ենք մարդու դեմ քրեական գործ հարուցել, ձերբակալել, կալանավորել, բայց դուք բողոքելու իրավունք չունեք: Վարակ է տարածվում»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած  «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն այսպիսի մտահոգություն հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա խնդրահարույց համարեց այն, որ առնվազն երեք հոգի բերման են ենթարկվել միայնակ բողոքելիս, ինչը հավաք չէ:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ թեև շատ սահմանափակումներ մեղմացվել են, սակայն խաղաղ հավաքների արգելքը դեռ չի հանվել: Բայց մյուս կողմից վստահեցրեց, որ խաղաղ հավաքների իրավունքը համարվում է իրավունքների թագուհիներից մեկը, քանի որ այն ներառում է և′ խոսքի ազատությունը, և′ բողոքի իրավունքը, և′ միավորումների իրավունքը:

Նաև ասաց, թե նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում տարբեր խմբեր են լինում՝ կրոնական, քաղաքական և այլն, որոնք հնարավորություն չունեն խորհրդարանում ներկայացվածության, իսկ խաղաղ հավաքների ազատության իրավունքը նաև դրանով է կարևոր, որ մարդիկ կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել:

Խոսելով Հայաստանում խաղաղ հավաքների արգելման և ոստիկանական ուժերի գործողությունների մասին՝ Ավետիք Իշխանյանը նկատեց. «Ոստիկանական ուժերով ավելի են սաստկացնում համավարակի տարածումը: Եթե նրանք չխառնվեն, մարդիկ իրարից հեռավորության վրա կանգնած կանեն իրենց հավաքը, կարտահայտեն իրենց բողոքը և կգնան: Իսկ ոստիկանությունը հրահրում է»:

Ավետիք Իշխանյանը հղում կատարեց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների զեկուցող հանձնակատար Կլեման Վուլի զեկույցին, որը խորհրդատվական բնույթ է կրում ՄԱԿ-ի անդամ պետությունների համար: Այնուհետև պարզաբանեց. «Այստեղ նշվում է, որ շատ երկրներում այդ հավաքների արգելքից, այդ սահմանափակումներից իշխանությունները օգտվում են ընդդիմությանը ճնշելու համար. միանձնյա կառավարում է գնում: Զեկուցողը նաև նշում է մի քանի սկզբունքներ, որոնք պետք է չսահմանափակվեն. օրինակ՝ մարդու իրավունքների սահմանափակումները, ցանկացած որոշում, սահմանափակում չպետք է լինի մահակ ընդդիմության դեմ օգտագործելու համար: Խաղաղ հավաքների իրավունքը չպետք է սահմանափակվի, քանի որ մարդիկ իրավունք ունեն բողոքելու և այլն: Ավելին, զեկույցում ամրագրված է, որ այս ընթացքում պետք է պահպանել հակակշիռներն օրենսդիր և դատական իշխանությունների, քանի որ չափից դուրս կենտրոնացումը մեկ իշխանության ձեռքին, բոլորովին չի բխում սահմանափակումների տեսանկյունից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930