Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Նախագահն այսօր հանդիպել է երկրի խոշոր բուժհաստատություններից մեկի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ:
Հանդիպմանը խոսվել է համավարակի կանխարգելման հնարավորությունների և հնարավոր լուծումների, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգում առկա դժվարությունների մասին: Բժշկական կենտրոնի տնօրենը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրենց բուժկենտրոնում իրականացվող միջոցառումների մասին, ներկայացրել համավարակը հաղթահարելու վերաբերյալ իր մոտեցումներն ու առաջարկները:
Կարևորելով համավարակին դիմակայելու խնդիրը՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ ոլորտին վերաբերող ռազմավարությունը՝ զարգացման հստակ ուղենիշներով և կանխատեսումներով, կօգնի հետագայում առավել պատրաստ լինել նման համավարակներին:
Կարդացեք նաև
Նրանք ընդգծել են այս համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից նվազագույն՝ թե մարդկային, թե տնտեսական կորուստներով դուրս գալու կարևորությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք և ռեսուրս պետք է ներդնել՝ համատեղ ու միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ