Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան․ Ինձ համար բավականին տհաճ է, որ պետք է դատարանում կանգնեմ և այս հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել

Հունիս 17,2020 15:37

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, չորեքշաբթի քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա հաշվի կառնի իր երաշխավորների կարծիքը կամ նրանց երաշխավոր լինելու հանգամանքը։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին երաշխավորություն էին տվել Հայաստանի երեք վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը և Վազգեն Մանուկյանը և Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ տասնամյակների հարաբերություններ են ձևավորվել և այդ հարաբերությունները պահպանվել են մինչև վերջին պահը․ «Ընդհանրապես նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության մի ծանր բեռ է ամբողջ կյանքի համար, որովհետև ամեն մի քայլ անելուց դու մտածում ես, թե ինչպես կընկալվի և ինչ կարգի արձագանք կարող է ունենալ, որովհետև հասկանում ես, որ դու հանրության խոշորացույցի տակ ես գտնվում մշտապես՝ 24 ժամ։ Եվ սա լրացուցիչ ինքնասահմանափակումներ է ստիպում յուրաքանչյուր մարդուն, որը համակարգում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Ինձ համար մեծագույն պատասխանատվություն է, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ և Ղարաբաղի Հանրապետության նախագահ, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ և ինչպիսի հանրային արձագանք կստանամ։ Սա գնահատելը նույնիսկ, նյութական գնահատական տալը, կամ այլ ձև գնահատելը հնարավոր չէ։ Կցանկանայի ուղղակի սա ձեր որոշումների մեջ հաշվի առնեք։ Եվ կարծում եմ նաև իմ և՛ կողմնակիցների կողմից, և՛ մարդկանց կողմից, որոնք ինձ չեն ընդունում՝ կա մի ձևավորված կարծիք, բոլոր դրական, բացասական կողմերով, որ խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում։ Միգուցե ժամանակակից բառապաշար օգտագործեմ՝ այսպես ասեմ՝ մի բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է։ Կրկնում եմ, մի որևէ քայլ, որ կարող է այս ընկալման վերաբերյալ ինչ-որ տեղ կասկածներ առաջացնի, բացառում եմ նման որևէ բան։ Սա ուզում եմ, որ ուղղակի հասկանալի լինի բոլորի համար։ Եվ նաև, անկեղծ ասեմ, ինձ համար բավականին տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ և այս հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար»։

Դատավորը հետաքրքրվեց․ «Ինչո՞ւ է տհաճ, պարոն Քոչարյան։ Դուք կանգնած եք պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ, երկու պետականության առաջին դեմքն եք եղել և ներկայացրել եք Հայաստանի Հանրապետությունը։ Դուք կանգնած եք Ձեր իսկ տասնամյակներ ղեկավարած պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Սա կարևո՞ր չէ»։

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ չի ասել, թե կարևոր չէ։ Նա հավելեց, որ հանրային դեմք է 1988 թվականից, և այդ ժամանակից էլ ոչ մեկին առիթ չի տվել մտածելու, որ կարող է իր խոսքի տերը չլինի․ «Ասել եմ, որ տհաճ է, որովհետև ինձ թվում է՝ հին բան է, որը բացատրության կարիք չպետք է ունենա։ Ուղղակի կենսագրությունից է։ Փախնող մարդ լինեի կամ ինչ-որ մի բան անող մարդ լինեի, ուղղակի այս կենսագրությունը չէի ունենա երբեք»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930