Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Պետք է համակերպվեն, որ քաղաքական մահը շուտով չոքելու է իրենց կուսակցության դռանը»

Հունիս 17,2020 14:53

«Ընդդիմությունը կայացած չէ, որովհետեւ մեդիադաշտն օկուպացված է նախկին իշխանության մի խումբ ներկայացուցիչների կողմից, որոնք իրենց հռչակել են ընդդիմություն»,-հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը: Եվ շարունակեց. «Եթե պայմանական ասենք, Արմեն Աշոտյանի նման կերպարներն ամբողջ ժամանակ հեռուստատեսությամբ ելույթ են ունենում, իսկ ընդդիմադիր կուսակցությունը, անկախ փորձագետն ու լրագրողները չեն հայտնվում այդ եթերում: Այս իրավիճակի հետ հնարավո՞ր է մի բան անել»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ասաց «Առավոտին». «Այսօրվա պատգամավորներին թվում է, որ եթե տեսախցիկների առջև 3 շաղկապված նախադասություն արտահայտեն, որտեղ որևէ քաղաքական բովանդակություն չկա, ապա իրենք քաղաքական գործիչ են դարձել։ ԱԺ ամբիոնի խոսափողն իրենցից ավելի լավ քաղաքական գործիչ է։

Հայաստանի իշխող վերնախավն ակնհայտ ունի մտքի ճգնաժամ, թեպետ,  դժվար էր քաղաքական միտք ակնկալել քաղաքականության հետ որևէ աղերս չունեցող արժանիքների, մասնավորապես՝ քայլելու, օճառվելու, ամբոխավարությանը տուրք տալու, ստելու  ու մանիպուլացնելու հմտություններով իշխանության եկած թայֆայից։ Այն եզակի մարդիկ էլ, որոնք ունեն այդ  քաղաքական միտքը իշխող խմբակցության մեջ, բավականաչափ իմաստուն են, որպեսզի այս իրավիճակում, երբ ժողովրդի դռանը չոքել է առողջապահական , սոցիալական և տնտեսական ճգնաժամը՝ աչքի ընկնեն  իրենց ամպագոռգոռ հայտարարություններով և չավելացնեն այն զայրույթը, որն ունի խաբված հայ ժողովուրդը Նիկոլի և նիկոլականների հանդեպ։

Այսօր պատգամավորներից մեկն էլ, Միքայել Զոլյան՝ եթե չեմ սխալվում, իմ անունն է տվել այդ համատեքստում։ Ես չեմ հասկանում ինչքան խոցելի պետք է լինել քաղաքական դաշտում, որ անգամ իշխանափոխությունից 2 տարի անց, նախկին իշխանությունից՝  Հանրապետական կուսակցությունից այսքան «հղի» մնացած լինեն։

Իրենց տվայտանքներն, իհարկե, տարբեր շերտեր ունեն: Նախ և առաջ՝ շատ լավ հասկանում են, թե այս  իրավիճակում, երբ որ Նիկոլը և իր կառավարությունը հասցրեցին Հայաստանը խայտառակ համաճարակային և սոցիալական ճգնաժամի, որն արդեն վերածվել է քաղաքականի, ինչպես պետք է իրենք կառչեն իրենց իշխանությունից, ինչպես պետք է վաղը մյուս օրը քայլեն Հայաստանի բնակավայրերով  և նայեն խաբված, իրենց պատճառով հարազատներ կորցրած, ու սովի մատնված մարդկանց աչքերին։ Ակնհայտ է, որ ցանկացած քաղաքական, այն էլ բովանդակային ընդդիմախոսություն, իրենց քաղաքական դիմադրողականությունն ընկճում է ճակատագրական աստիճանի ու դրա համար բուժում այլևս չկա, պետք է համակերպվեն, որ քաղաքական մահը շուտով չոքելու է իրենց կուսակցության դռանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930