Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. ՀՀ կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում, բոլոր հակաճգնաժամային միջոցառումները

Հունիս 17,2020 14:29

«ՀՀ-ում պետք է ձևավորվի կոմպետենտ, պրոֆեսիոնալ և հակաճգնաժամային կառավարման համակարգ և թիմ: Այդ թիմը պետք է կոնսոլիդացնի հասարակությանը և կարողանան արդյունավետ հակաճգնաժամային և հակակորոնավիրուսային պայքար մղել»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Ըստ նրա՝ այս իշխանության պարագայում մեր քաղաքացիները զանգվածաբար վարակվելու են կորոնավիրուսով և բավականին լուրջ թվեր ապահովելու մահացության առումով, նաև լուրջ խնդիրներ ենք ունենալու սոցիալ- տնտեսական դաշտում:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահաբար նշեց, որ ՀՀ կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում, բոլոր հակաճգնաժամային միջոցառումները ու շարունակեց. «Միանշանակ է կառավարության ամբողջ կազմի հրաժարականի անհրաժեշտությունը: Կյանքը ցույց տվեց, որ որևէ դիմադրողականություն մեր երկրի տնտեսությունը չունեցավ, եթե լիներ հեղափոխություն, գոնե մի քանի ամիս ռեսուրսային համապատասխան բազա կլիներ, բայց տեսանք, որ չկա»:

Պատգամավորը ցավով տեղեկացրեց, որ ՀՀ մտնող գումարները երկու անգամ կրճատվել են:

Ըստ նրա՝ լուծման ճանապարհ է ողջամիտ մասնագիտական ներուժի կոնսոլիդացիան, մոբիլիզացիան. պետք չէ խրտնել, խանդով վերաբերվել այն հարցադրումներին, որ իշխանությունը չի անում կամ իշխանական պաշտոնյաները չեն անում, այլ պետք է գնալ այդ հարցադրումների ուղղությամբ կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով, հակառակ դեպքում օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ լրջագույն խնդիրներ ենք ունենալու:

Միքայել Մելքումյանը կարևորեց, որ հայտարարվի, թե արդյոք վերջին հրաժարականները կապվա՞ծ էին կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումների հետ ու նկատեց. «Կա երկու տարբերակ. կամ ընդհանուր կառավարության սցենարն է սխալ, կամ առանձին պաշտոնյաներ լավ չեն աշխատում: Ես կարծում եմ, որ ընդհանուր ողջ կառավարությունն է ձախողել: Դրա համար մենք պահանջում ենք հստակ ամբողջական կառավարության կազմի հրաժարական»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930