Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական Գուանտանամո. Կատարվողը ընտրակեղծիքի՞ դեմ է, թե՞ կոնկրետ մեկ մարդու. Վահե Հովհաննիսյան

Հունիս 17,2020 14:10

Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է և չափազանց վտանգավոր։ Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի և մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն և լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ինքնակամ, և որի համար ձևավորվել էր բարոյական նորմ՝ «վերցրել ես՝ պիտի խոստացածդ ձևով քվեարկես»։ Եվ դա ճնշող մեծամասնությամբ պահպանվում էր։ Եվ իհարկե՝ կուլմինացիան՝ ռեյտինգային ընտրակարգը, որն ապահովում էր ընտրակաշառքի օրենսդրական բազան, ինչը կոնկրետ երկրի կոնկրետ պայմաններում ուղղակի նշանակում էր անխափան մեխանիզմի գործարկում՝ փողատեր, փողի տոտալ բաժանում և փողի տոտալ ընդունում։

2017-ի ընտրված (և նույնիսկ պարտված) փողատերերի քանակը և որակը ամենավառ ապացույցն է։ Ապացույցն է, որը պետք է պատճառը դառնար առաջին հերթին ոչ թե քրեական գործի, այլ՝ խորքային հետևությունների և, եթե կա նպատակ, խորքային լուծումների։

Եթե կա ընտրակեղծարարության համակարգը Հայաստանում հասկանալու, պատմական այդ էջը փակելու նպատակ և հանրային պահանջ, ապա պետք է դրան անպայման մասնակից դարձնել ընտրողին՝ հասարակությանը։ Առանց դրա արդյունք չի լինի՝ դատախազով, ԱԱԾ-ով և «87 հրեշտակներով» կլուծվի լրիվ այլ խնդիր՝ մեկ մարդու դեմ կազմակերպված արշավի։

Եթե դնում ենք խնդիր՝ կեղծիքների համակարգը հասկանալու և ջարդելու, ապա պիտի ընդունենք ծանր փաստը՝ դրանց մասնակից են եղել հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր մեր քաղաքացիներ։ Ամբողջական գյուղերով, թաղերով, ընտանիքներով, շենքերով, կոլեկտիվներով, իրար պաս տալով, իրար համար բարեխոսելով և այլն։ Սա ողբերգություն է, բայց միայն այս փաստն ընդունելն է ճանապարհը առողջանալու։

Եթե որոշում ենք գնալ քրեական գործի հարուցման ճանապարհով, ապա կարող է կարիք լինել՝ կալանավորելու մոտ 800 հազար ընտրողի (գումարած՝ ամենատարբեր շտաբերում ու համայնքներում գործող կազմակերպիչների մոբիլ և «արդյունավետ» խմբերը) և, իհարկե, հաղթած և պարտված փողատեր ռեյտինգայինների զգալի մասին։ Իսկ այս վերջինս, ուզում ենք մենք դա, թե ոչ, Հայաստանի բիզնես պոտենցիալն է։ (Ճակատագրի հեգնանքով՝ Ծառուկյանը դեմ է եղել ռեյտինգային համակարգին և ինքը չի մասնակցել այդ ընտրակարգով՝ ունենալով բոլոր հնարավորությունները՝ Կոտայքի մարզում 102 տոկոս ստանալու)։

Երկար տարիների, բազմաթիվ ընտրություններ ընթացքում հանձնաժողովներ, կազմակերպիչներ, բաժանողներ, «տասովշիկներ», շտաբներ. սրանք բոլորը կազմված են եղել իրական մարդկանցից։ Սրանց բոլորի առանցքում մարդն է։ Իսկ հարյուր հազարավոր անուններից կազմված ընտրացուցակները՝ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը։

Բոլոր համակարգերում ընդգրկված են եղել նաև կրթված և որոշակի կենսագրություն ունեցող մարդիկ՝ ուսուցիչներ, տնօրեններ, պաշտոնյաներ, իրավապահներ և այլն։

Սկսե՞նք խոսել սրա մասին, թե՞ մեկ հոգու վրա ինչ-որ ցուցակ բարդենք։

Սկսե՞նք խոսել և տեսնել ուղիղ կապը՝ ընտրակաշառքի և համաճարակի փուլում դիմակ չկրելու, ընդհատակյա խնջույքների և այլ նորմերի չպահպանման միջև։ Կա ուղիղ կապ, որովհետև առանցքում մարդն է՝ ՀՀ քաղաքացին։ Միասնաբար՝ մեր հասարակությունը։

Ուղիղ կապը ընտրակաշառքի և վարակի տարածման մեջ ապացուցում է մեր հարևան Վրաստանը։ Վրաստանում երբեք չեն եղել ընտրակաշառքի այն գռեհիկ ծավալները և ձևերը, ինչ Հայաստանում։ Բացառությամբ՝ Վրաստանի երկու ռեգիոնի՝ հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջանների։

Եվ համավարակի դեմ պայքարում էլ Վրաստանի գրանցված հաջողությունը լրիվ տրամաբանական էր՝ գրագետ կառավարում և կապ քաղաքացու հետ։

Ի՞նչ է արվել Հայաստանում 2018-ից հետո։ Մեծ հաշվով՝ ոչինչ։

Խնդիր չի դրվել՝ կրթել քաղաքացուն, առողջացնել հասարակությանը։ Ավելին, ժողովրդավարության և ազատ քաղաքացու մոդելը երբեմն պարզունակացվել է մինչև շարքային խուլիգանության թույլատրելիություն.  երբ կառավարության դուռը ջարդում էին, վարչապետն ասում էր՝ իրենց դուռն է, ինչ կուզեն՝ կանեն։ Պետություն-հասարակություն նմանատիպ հարաբերությունների շարունակությունը, այդ տրամաբանությամբ, պիտի լինի՝ իրենց ձայնն է, ում կուզեն՝ կծախեն, իրենց դիմակն է, երբ կուզեն՝ չեն դնի։ Եվ որպես սրան անմիջական հակասություն՝ որևէ ռացիոնալ քննադատության պարագայում պետությունն իր ուժային գործիքներով սկսում է անխնա օգտագործվել։ Հակասական գործողությունների ու հախուռն տեքստերի երկու տարում քաղաքացին ոչ թե պարզապես չկրթվեց, այլ հակառակը, զրկվեց որևէ տարրական ուղենիշից, որը կօգներ՝ հասկանալու իր և պետության հարաբերությունները, իր դերը՝ հասարակության կայացման մեջ։

Երկու տարվա մեջ ընտրական օրենսգիրքը չփոխվեց, հանրային քննարկման թեմա չդարձավ ընտրակեղծարարությունը, հասարակությանը չանցավ բարդ, բայց անխուսափելի առերեսման միջով, որը թույլ կտար ընդունել և զգալ սեփական մասնակցությունը ընտրակեղծարարության այլանդակ համակարգին, և դրանով իսկ՝ մասնակիցը դառնալ նոր հանրային խաղի կանոնների։

Եթե վաղը հնարավորություն լինի ընտրակաշառք տալու, կարծում եք՝ արտադրական քանակով չի՞ բաժանվելու և չի՞ վերցվելու։ Վստահաբար լինելու է. մարդը նույնն է մնացել։ Իսկ երկու տարին բավարար ժամանակ էր՝ որոշակի հարցերում նոր քաղաքացի ունենալու համար։

10 հազար դրամ ընտրակաշառք վերցրածների մեծ մասը 2018-ին փողոց փակեց և իշխանություն փոխեց։ Նույն մարդիկ։ Այս երկու տարում նրանց մեծ մասի մոտ չի եղել քաղաքացիության աճ, նրանց միկրոսոցիումներում չի եղել բարդ քննարկում և սոցիումային զարգացում։ Հետևաբար՝ նույն մարդիկ, նույն հասարակությունը վաղը կարող է դարձյալ հայտնվել փողոցում։ Ո՞ւմ լիդերությամբ, ու՞մ լոզունգներով, ու՞մ և ի՞նչ մոտիվացիայով՝ ես չգիտեմ։ Բայց դա վախեցնող է։

Այսօրվա իշխանությունը, հանուն իշխանության պահպանման, ուժային պատերազմ է հայտարարում քննադատական որևէ միտք հնչեցնող բոլոր մարդկանց և բուֆերային շրջանակներին, իր ներսում գնում է տոտալիտար բյուրեղացման ճանապարհով, իսկ լայն զանգվածների մոտ համաճարակի ֆոնի վրա սկսում են աճող տեմպերով սրվել սոցիալական խնդիրները։ Դժվար է հաշվարկել, թե ինչ զարգացումերի կարող է բերել սա։

Վերջաբան. Քաղաքական Գուանտանամո

Երեկվա 87-ի քվեարկությունը հակասական տրամադրություններ է ստեղծում։ Իհարկե, որոշ կոնկրետ դեպքերում արձանագրվել է մարդու դեֆոլտ։ Բայց ես դեմ եմ որևէ մեկի վրա թիրախավորված հարձակումներին և նրանց պրոբլեմի առանցք սարքելուն։ Դա հարցի լուծում չէ։ Վստահ եմ՝ 87-ից ոմանք իրենց մեջ ծանր ապրումներ են ունեցել, ինչ-որ կարևոր բան են իրենց մեջ ջարդել, որը երբեք չեն մոռանալու և չեն ներելու՝ իրենք իրենց և իրենց պարտադրողներին։ Գուցե այդ ոմանք շատ են, գուցե կորցրածը թանկ բան է։ Բայց խնդիրն ուրիշ տեղ է։ Ի՞նչ մեխանիզմներով և ինչո՞ւ է այդքան հեշտ ձևավորվում քաղաքական «գուանտանամոն», երբ անհատը ոչինչ է համակարգի և հրամանի առաջ։ Եվ եթե քվեի կեղծման դեմ պայքարը կարևոր է բոլոր ժամանակներում և ամենուր, ապա ինչու՞ ԱԺ պատերի ներսում կատարվող քվեարկությունը չպետք է ենթարկվի նույն կանոնին։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930