ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS east» ծրագիրն Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում անցկացրել է հանրային կարծիքի հերթական՝ 2020թ.-ի ուսումնասիրությունը: Հետազոտությունն (դաշտային աշխատանքներն) անց է կացվել 2020թ.-ի փետրվար-մարտ ամիսներին (մինչև COVID-19 ճգնաժամը) և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձից բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցների վրա: Ամենամյա այս հարցումներն անցկացվում են արդեն հինգերորդ տարին, որոնցից առաջինն իրականացվել է 2016թ.-ին: Արևելյան գործընկերության վեց երկրների արդյունքները ներկայացված են ազգային զեկույցներում, ինչպես նաև համախմբված են տարածաշրջանային ակնարկի ներքո:
Ստորև ներկայացված են ՀԱՅԱՍՏԱՆԻ մասով հիմնական բացահայտումները: Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել տեղեկատվական թերթիկներում և զեկույցում՝ անցնելով ներքևում բերված հղումներով:
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
- Հայաստանցիների 53%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2016թ.-ի 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 9% է կազմում:
- Հայերի 86%-ը (10%-ով ավելի, քան՝ 2016թ.-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (70%):
- Հայաստանի ազգաբնակչության 60%-ը վստահում է ԵՄ-ին, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է նրանց 51%-ը:
- Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ-ի կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին, իսկ այդ աջակցությանն իրազեկ քաղաքացիների 80%-ն այն արդյունավետ են համարում:
EU NEIGHBOURS EAST