Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն նոր քայլերի է դիմում ու բանակցություններ վարում «Լուսավոր Հայաստանի» հետ՝ ստորագրություններ հավաքելու համար

Հունիս 17,2020 13:51

Այսօր ԲՀԿ-ականները հայտարարեցին իրենց նոր նախաձեռնությունների ու քայլերի մասին:

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքական ռեպրեսիաներ են սկսել իրենց նկատմամբ. «Ոչ միայն տարածաշրջանում է մեր երկրի վիճակն անմխիթար, այլ առհասարակ աշխարհում մենք, ըստ էության, ամենավատ ցուցանիշն ենք արձանագրում: Դեպքեր ունենք, որ քաղաքացիները դիմել են բուժհաստատություններ ու նրանց չընդունելու պատճառով երկու մահ է արձանագրվել: Այսպիսի դեպքերը բազում են ու պատասխանատվության հարց կա: Մենք մոտ 10 օր առաջ դիմում ենք գրել պարետատուն, ուզում էինք հասկանալ՝ ինչ գործողություններ է ծավալել, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված ֆինանսական միջոցներն ինչպես են ծախսվել: Սրանք հարցապնդումներ են: Մենք մտադիր ենք հանձնաժողով ձեւավորել, որ ոլորտը ձախողած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն»:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն այսօր միանգամից 2 նախաձեռնությամբ է հանդես գալու. «Այն, ինչ ասաց Վահե Էնֆիաջյանը, խոսքը վերաբերում է նրան, որ «Կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման եւ աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ ենք հանդես գալու ու դիմելու ենք ՍԴ-ին՝ արտակարգ դրության պայմաններում վիճարկելու հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը»:

Քննիչ հանձնաժողովի ձեւավորման եւ ՍԴ-ին դիմելու աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են: ԲՀԿ-ականները կոչ են անում նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որ իրենց նախաձեռնություններին միանան, բավարար ստորագրություններ հավաքելու համար: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, քննիչ հանձնաժողով ստեղծելու համար՝ 33: Տոնոյանն ասաց, որ բանակցություններ են վարում «Լուսավոր Հայաստանի» հետ:

Իվետա Տոնոյանն ասաց, որ իշխանությունները ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, լրագրողները հիշեցրեցին, որ իրենց խմբակցության պատգամավորները քանի օր է՝ ցույց են անում՝ առանց դիմակների, սոցիալական հեռավորություն չպահելով ու խմբվելով մի տեղ՝ Տոնոյանն արձագանքեց. «Մենք որեւէ ակցիա չենք իրականացրել, ընդամենը իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում մեր համակիրները եւ ոչ միայն մեր համակիրները՝ հասարակ քաղաքացիները, ովքեր իրենց անհամաձայնությունն են ունեցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվող իրադարձությունների հետ կապված, ինքնաբուխ հավաքվել են: Մենք որեւէ կերպ որեւէ հարթակում որեւէ կոչ, հայտարարություն, հորդոր չենք հղել մարդկանց՝ հավաքվելու ու ինչ-որ ակցիա իրականացնելու, մեզ համար կարեւոր է մեր քաղաքացիների առողջությունը»:

Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ երբ իրենք խոսում էին կարանտինի խիստ պահպանման մասին, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում՝ առանց դիմակների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930