«ՍԴ-ի հետ կապված ձեր նշած գործընկերներն ասում էին, որ իրենք նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել իրենց դեմ քվեարկած Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծո՞ւմ տա: Կարծում եմ, այս կոորդինատների ճշտման փուլն ավարտին կհասցվի, ուղղակի վստահ չեմ, որ մինչեւ այդ մենք ՍԴ-ի հարցին լուծում տված չենք լինի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրգործի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հեղափոխությունից հետո իրենց իշխանության 3 ներկայացուցիչների նկատմամբ էլ կան քրգործեր, դրա՞նք էլ են քաղաքական հետապնդում:
Հարցին՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը սատարում է Ծառուկյանին ու արտախորհրդարանական ուժերով մտադիր են ընդդիմադիր նոր բեւեռ ձեւավորել, ինչպե՞ս եք արձագանքում դրան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Շատ լավ եմ վերաբերվում, թող հավաքվեն մի տեղ, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ ով ով է: Հեղափոխությունից հետո մենք ունեցել ենք դիմադրության մի քանի աստիճաններ: Սկզբից, դուք գիտեք, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մի պահ Կարեն Կարապետյանի կողմից փորձ արվեց իշխանություն վերցնել, հետո ԱԺ-ի կողմից փորձ արվեց վարչապետին չընտրել: Այդ բեկորները եթե հավաքվում են մի վայրում, դա միայն լավ է եւ միայն ուժեղացնում է իշխանությանը: Այս օրերին մեր համաքաղաքացիները մեզ գրում են անընդհատ, ասում են՝ էս գործն էլ անենք, վերջնականապես քաղաքական դաշտը ազատենք նախկիններից, որ դուք էլ մեզ չմեղադրեք, ասեք՝ հերիք է նախկիններից խոսեք: Քաղաքական դաշտը, մասնավորապես, ընդդիմադիր դաշտը պետք է լինի նոր մարդկանցով լցված, նոր քաղաքական ուժերից, որոնք որ ինչ-որ ընտրության ժամանակ կփոխարինեն այսօրվա իշխանությանը»:
Հարցին՝ հեղափոխությունն ավարտված չէ՞՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ավարտված է, բայց քաղաքական ռեւանշիստական փուլով, որ երեկ Սերժ Սարգսյանի կուսակցությունը իրեն թույլ է տալիս հայտարարել, որ քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակը դեռ գալու է՝ անկեղծ զրույցի ժամանակն անցել է: Եթե իրենք իրենց թույլ են տալիս այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերել, մտածել, որ մարդկանց կարող են հերթական անգամ խաբել՝ մենք այդ բանը թույլ չենք տալու, մարդիկ էլ թույլ չեն տալու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ