Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը խզում է կապն անցյալի հետ. Մարկեդոնովի անդրադարձը՝ ՀՀ ներքաղաքական իրադարձություններին. Կոմերսանտ

Հունիս 17,2020 13:04

Հետխորհրդային Հայաստանի ապագա պատմաբանները, կազմելով երկրի շրջադարձային իրադարձությունների ժամանակագրությունը, դժվար թե շրջանցեն 2020թ. հունիսի 16-ը: Պատճառը միայն այն չէ, որ այդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց Հայաստանի խորհրդարանում թվաքանակով երկրորդ կուսակցության առաջնորդը և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը: Գագիկ Ծառուկյանը եղել է (կշարունակի մնալ) իշխանության և բիզնեսի միջև այն սիմբիոզի խորհրդանիշը, որը որոշիչ գործոն է հետխորհրդային կապիտալիզմի զարգացման համար՝ գրում է Սերգեյ Մարկեդոնովը «Կոմերսանտ» պարբերականում:

Ազդեցիկ օլիգարխի վրա հարձակումը, որը հասցրել է լինել և՛ իշխանության կողքին, և՛ ընդդիմության շարքերում, իշխանության վերակազմավորման առանցքային պահերից է, որը Հայաստանում սկսվել է երկու տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո: Այս ընթացքում շրջադարձային իրադարձություններից էին հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, խորհրդարանի հոմոգենիզացման համար պայքարը, քաղաքական վերահսկողություն ուժային կառույցների, քաղաքապետարանի նկատմամբ, ինչպես նաև գործադիր և դատական իշխանությունների միջև հակամարտությունը: Այս բոլոր իրադարձություններին միավորում է մեկ բան: Դրանք խախտում են հայկական հետխորհրդային քաղաքական մշակույթի ավանդույթները, որոնք անսասան էին՝ անկախ նրանից, թե ովքեր էին զբաղեցնում երկրի առաջին պաշտոնները:

ԽՍՀՄ-ի մայրամուտին Հայաստանը ամենահակախորհրդային սուբյեկտներից էր: Բազմաթիվ առումներով Հայոց համազգային շարժումը, որը առաջնորդում էր խարիզմատիկ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանության էր գալիս սանացիայի կարգախոսներով: Երիտասարդ բժիշկները և գիտության թեկնածուները, լեզվաբանները, պատմաբանները, ֆիզիկոսները եկան փոխարինելու նոմենկլատուրայի փորձառու աշխատակիցներին: Սակայն դա չխանգարեց Հայաստանի առաջին նախագահին սկիզբ դնել մի կարևոր ավանդույթի. աշխատասենյակների ցուցանակների փոփոխությունը չպետք է նույնականացվի հակառակորդների ոչնչացման և նվաստացման հետ: Այդ պատճառով էլ շատ շուտով հանրապետության քաղաքացիները «հին նոր առաջնորդների» շարքերում տեսան Կարեն Դեմիրճյանին, որը նոր անկախ պետությունում ստացավ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Եվ եթե նա չդառնար քաղաքական սպանության զոհ, չէր բացառվում, որ նա կընտրվեր պետության ղեկավար:

Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ վերջինիս՝ Սերժ Սարգսյանը: Երեք նախագահները համեմատաբար խաղաղ են գոյակցել քաղաքական հարթակում: Պետության երեկվա ղեկավարը տաս տարի տևած դադարից հետո վերածվեց գլխավոր ընդդիմադիր գործչի, մասնակցեց ընտրություններին՝ հավաքելով ձայների մոտ ¼-ը: Նման բան հնարավոր չէր պատկերացնել նախկին ԽՍՀՄ-ի որևէ երկրում: Նույն Քոչարյանը, երբ արդեն չէր զբաղեցնում նախագահը պաշտոնը, քննադատել է Սարգսյանին:

Նույն կերպ էլ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել է կառավարամետ կոալիցիաների դաշնակիցը: Քոչարյանը կարող էր հետապնդել Տեր-Պետրոսյանին, օրինակ` Ղարաբաղի հարցով «ոչ ճիշտ» դիրքորոշման համար: Նույնը տեսականորեն կարող էր անել նաև Սարգսյանը: Բայց նրանք չանցան «կարմիր գիծը»՝ գիտակցելով, որ իշխանության փոխանցման խախտումը երկրի համար, որը ներքաշված է հակամարտությունների մեջ երկու հարևան երկրների հետ, առնվազն ռիսկային է:

Նիկոլ Փաշինյանն այլ ավանդույթ բերեց, բայց եթե նրա առաջին «թիրախները» (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան) կարող են դիտարկվել որպես «նախկիններ» և «հակահեղափոխականներ», ապա Ծառուկյանի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է:

2018թ. նա աջակցել է «հեղափոխական ժողովրդի» ընտրությանը, նրա ներկայացուցիչները նույնիսկ նախարարների կաբինետի մեջ են ընդգրկվել Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, այնուհետև Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ ընտրությունների արդյունքում մտել է խորհրդարան և մինչև վերջին ժամանակներս կիսում էր «թավշյա համաձայնություն» իշխանությունների հետ: Բայց կոնսենսուսը խախտվեց, մի կողմից համավարակի սոցիալական հետևանքների, մյուս կողմից էլ սահմանադրական հանրաքվեի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի պատճառով:

Հետհեղափոխական իշխանությունը չի ցանկանում գոյակցել ուժի և ազդեցության այլ կենտրոնների հետ, որոնք դուրս են իր վերահսկողությունից: Ռազմավարական առումով սա բարդ ուղի է: Այսօր հանրապետության կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ ժողովրդավարություն է վայելում: Բայց ոչ մեկ չի ասում, որ միշտ այդպես կլինի: Եվ եթե այսօրվա հանգամանքները փոխվեն, բացառված չէ, որ վարչապետի հակառակորդները կցանկանան նույն կերպ վճարել իրեն՝ քրեական բաց գործերի ձևով: Իշխանության փոխանցումն այս դեպքում ոչ այլ ինչ է, քան հորինվածք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930