Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարար. «Երեխաները չպետք է մտածեն, որ գնում են վատ դպրոց, որովհետեւ ընտրություն չունեն»

Հունիս 17,2020 12:15

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց, որ այս տարի արդեն ողջ հանրապետությունում առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային հայտագրման միջոցով: «Կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40000 թիվ: Այս պահին արդեն հայտագրվել է 22150 առաջին դասարանցի: Երկու տարբեր խմբերի ընձեռվել է առաջնահերթության իրավունք. նրանց, որոնց քույր-եղբայրը սովորում է այդ դպրոցում, եւ նրանց, որոնց ծնողները կամ օրինական ներկայացուցիչն աշխատում է այդ դպրոցում: 9247 երեխա օգտվել է այդ իրավունքից»,-ասաց փոխնախարարը:

Նա հայտնեց, որ էլեկտրոնային հայտագրման գործընթացում առանձնացրել են մի քանի այլ խմբեր եւս, որոնք լրացուցիչ լուծումների կարիք ունեն. «Դա միաժամանակ գրանցված երեխաների խնդիրն է: Շուրջ 49 դեպք է եղել միաժամանակյա գրանցման, մի քանի ծնողներ միաժամանակ սեղմել են կոճակը, եղել է, որ եռյակ կամ զույգ երեխա ունեցողների դեպքում ծնողները կարողացել են գրանցել երեխաներից միայն մեկին: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դեպքում մայրենի լեզվով ուսուցումը սահմանափակ է, նրանք ոչ բոլոր դպրոցներում նման հնարավորություն ունեն: Նրանց եւս պետք է հնարավորություն տրվի սովորել մայրենի լեզվով, ինչը պետք է կարգավորենք առաջիկա տարիներին»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ հայտագրման համակարգը բաց է ողջ տարվա ընթացքում, որովհետեւ ծնողները անկախ ինչ-ինչ հանգամանքներից՝ երեխայի կրթության իրավունքը պետք է կարողանան իրացնել ցանկացած պահի:

Խոսելով մարզերում էլեկտրոնային եղանակով առաջին դասարանցիներին հայտագրելու մասին, փոխնախարարը տեղեկացրեց, որ առանձնակի բարդություններ չեն նկատել, բայց այն խնդիրները, որ նախորդ տարի եղել են Երեւանում, գրանցվել են նաեւ մարզերում, խոսքը վերաբերում է հատկապես գերբեռնված դպրոցներին: Մարզերում էլ, սակայն, շատերն օգտվել են առաջնահերթության իրավունքից:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ կեղծ փաստաթուղթ օգտագործելով գրանցման դեպքերին: Փոխնախարարն ասաց, որ մանրակրկիտ ստուգել են ամեն ինչ, ունեցել են 6 տասնյակից ավելի դեպքեր, որոնք հավելյալ ճշգրտել են, սերտ աշխատել են ՔԿԱԳ գործակալության հետ. «Պատահել է, որ գործ ենք ունեցել երկրորդ ամուսնության կամ հայրության ճանաչման հետ, իսկ եթե որեւէ կեղծիք է եղել, հայտը չեղարկվել է: Ուզում եմ զգուշացնել, որ համակարգը հստակ է աշխատում, եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ամեն ինչ ստուգելու»:

Հարցին՝ ինչո՞ւ է նույն համայնքում կողք կողքի գտնվող դպրոցներից մեկում դիմողների թիվը մեծ, իսկ մյուսում տեղերը թափուր են, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ իսկապես նման դպրոցներ կան եւ Երեւանի տարբեր համայնքներում, եւ ՀՀ մարզերում: Դրա համար էլ տարբեր պատճառներ նշեց. «Եղել է, որ մարդիկ նույն միլիվայրկյանին են գրանցվել, օրինաչափ է, որ տեղերն արագ են սպառվել: Հունիսի 11-ի առավոտյան ընտանիքների մեծ մասը նստած է եղել համակարգչի առաջ եւ փորձել է գրանցել իր երեխային: Այժմ ընդունելության արդյունքներով փորձում ենք դուրս բերել բոլոր դպրոցները, որոնք մարդաշատ վայրերում են, սակայն քիչ դիմողներ են ունեցել, ի տարբերություն կողքի դպրոցի, ուսումնասիրում ենք որոշ դպրոցներ չդիմելու պատճառները:

Գուցե դպրոցի շենքային պայմանների խնդիր կա, ուսուցման որակի, մանկավարժական աշխատակազմի խնդիր է: Ամեն դեպքում, պետք է տանել նման տարածքներում դպրոցների հզորացման ծրագիր: Նաեւ պետք է դիտարկենք, գուցե ինչ-որ թաղամասում հավաքված են երիտասարդ ընտանիքներ, դրա համար է երեխաների թիվը մեծ, պետք է հասկանանք՝ արդյոք ճիշտ են տեղաբաշխված հիմնական, ավագ դպրոցները»:

Ասուլիսի ժամանակ դպրոցների վարկանիշավորման համակարգի մասին էլ խոսք գնաց: Փոխնախարարը նշեց, որ այդ մասին խոսելիս պետք է պարզ պատկերացնել վարկանիշավորման մոտեցումները, որովհետեւ 700-ից ավել դպրոցներ համայնքի միակ դպրոցներն են, իսկ ԿԳՄՍ մոտեցումը պետք է լինի հավասարաչափ որակյալ հանրակրթության ապահովումը, ու ամեն երեխա պետք է վստահ լինի, որ կստանա նույնպիսի կրթություն, ինչպես մյուսները:

«Երեխաները չպետք է մտածեն, որ գնում են վատ դպրոց, որովհետեւ ընտրություն չունեն: Պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բոլոր դպրոցներում որակյալ կրթության ապահովելուն»,-շեշտեց նա:

Իսկ ի՞նչ անել, երբ մոտակա դպրոցներում տեղերն արդեն լրացված են: «Սովորաբար նույն վարչական շրջանում ունենք մեկից ավելի դպրոցներ, այդ հնարավորությունը լինում է վարչական շրջանի տարածքում մեկ այլ դպրոց ընտրելու միջոցով: Մենք նաեւ ստանում ենք բազմաթիվ դիմումներ, որ երեխային ուզում են տանել աշխատավայրին, տատիկ-պապիկին մոտ դպրոց, դրա համար պիտի աստիճանաբար գնանք նրան, որ կրթության որակը բարելավենք բոլոր դպրոցներում, որպեսզի ծնողներն իրենց երեխայի համար իրացնեն այն կրթական արդյունքը, որը ցանկանում են»:

Ժաննա Անդրեասյանը, ամեն դեպքում, ծնողներին խորհուրդ տվեց կենտրոնանալ բուն ուսուցման գործընթացի վրա՝ անկախ նրանից, թե որ դպրոցն է երեխան գնում, քանի որ շատ կարեւոր է այն աշխատանքը, որը տարվում է դպրոց գնալուց հետո:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930